17:55  ,  30 հունիսի, 2012

Արթուր Եդիգարյան. Արտասահմանյան ակումբներից մեկը լրջորեն հետաքրքրվում է իմ ծառայություններով

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում խաղալը նոր փորձություն էր ինձ համար: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով օրեր առաջ հեռացել է մերձմոսկովյան «Խիմկիից»:

«Երկկողմանի համաձայնությամբ խզեցի պայմանագիրը «Խիմկիի» հետ: Հուսով եմ, որ առաջիկայում կխաղամ ավելի բարձրակարգ առաջնությունում եւ ավելի բարձրակարգ թիմում: Ինչպես ասում են, ոչինչ անհետեւանք չի մնում եւ «Խիմկիում» անցկացրածս ժամանակահատվածը նոր փորձություն էր ինձ համար: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում խաղալը նոր փորձ հաղորդեց ինձ: Հիմա մեծ ցանկություն կա խաղալ որեւիցե այլ ակումբում»,- զրույցում հայտնեց Եդիգարյանը:

Հարցին, թե առաջարկներ կան այլ ակումբներից, կիսապաշտպանը պատասխանեց. «Այս պահին կան մի քանի առաջարկներ: Արտասահմանյան ակումբներից մեկը լրջորեն հետաքրքրվում է իմ ծառայություններով, սակայն այդ մասին ավելի մանրամասն կխոսեմ, երբ հստակ ինչ-որ բան լինի»:

Հիշեցնենք, որ Եդիգարյանից բացի «Խիմկիից» հեռացել են նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը եւ Հայաստանի պատանեկան հավաքականի պաշտպան Էդուարդ Թաթոյանը, ով մեկ տարվա պայմանագիր է կնքել Երեւանի «Փյունիկի» հետ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով