18:51  ,  11 հունիսի, 2016

Եվրո-2016. «Եղբայրների խաղում» հաղթեց Շվեյցարիան (ֆոտոշարք)

Ֆրանսիայում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին տուրի երկրորդ խաղում Շվեյցարիայի հավաքականը A խմբում նվազագույն հաշվով առավելության հասավ ալբանացիների նկատմամբ:

Շվեյցարացիներն ավելի ակտիվ սկսեցին Լանս քաղաքում կայացած խաղը եւ խփեցին արագ գոլ: 5-րդ րոպեին հաշիվը բացեց գերմանական «Հոֆենհայմի» շվեյցարացի պաշտպան Ֆաբիան Շերը:

Շվեյցարիան ուներ տարածքային առավելություն, բայց խաղակեսի միջնամասում ալբանացիները ակտիվացան եւ մեծ ճնշում էին գործադրում մրցակցի դարպասին: 31-րդ րոպեին Ալբանիան կարող էր հավասարեցնել հաշիվը, բայց «Վադուցի» հարձակվող Արմանդո Սադիկուն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ եւ կորցրեց իրական գոլային պահ:

Ալբանացիները բավական ակտիվ էին, բայց շուտով մնացին 10 խաղացողներով: 36-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Ալբանիայի հավաքականի ավագ Լորիկ Ցանան, որը ձեռքով խաղի համար ստացավ երկրորդ դեղին քարտը:

 

Ընդմիջումից հետո Շվեյցարիայի հավաքականի առավելությունը հսկայական էր: Շվեյցարացիները վերահսկում էին խաղը եւ ունեցան մի քանի վտանգավոր պահ, բայց Ալբանիայի հավաքականի դարպասապահ Էտրիտ Բերիշան անցկացրեց հրաշալի հանդիպում: Ալբանացիները քիչ էին գրոհում, թեեւ վերջնամասում ունեցան խաղը փրկելու 2 իրական հնարավորություն, որը չօգտագործեցին:

Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հարազատ եղբայրները խաղացին իրար դեմ: Լոնդոնի «Արսենալի» նորեկ Գրանիտ Ջական Շվեյցարիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման, իսկ շվեյցարական «Բազելի» խաղացող Տաուլյանտ Ջական պաշտպանում էր Ալբանիայի գույները:

A խմբի մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր ռումինացիներին: Երկրորդ տուրում Ֆրանսիան հունիսի 15-ին կմրցի Ալբանիայի հետ, իսկ Ռումինիան ու Շվեյցարաին կհանդիպեն իրար:

Եվրո-2016, առաջին տուր

A խումբ

Ալբանիա - Շվեյցարիա՝ 0:1

Ֆաբիան Շեր, 5

Հեռացում՝ Լորի Ցանա, 36 (Ալբանիա)

Ալբանիա. Էտրիտ Բերիշա, Էլսեիդ Հյուսայ, Լորիկ Ցանա, Մեգրիմ Մավրայ, Էրմիր Լենյանի, Անսի Ագոլի, Բուրիմ Կուկելի, Տաուլյանտ Ջակա (Էրգիս Կաչե, 62), Օդիսե Ռոշի (Սոկոլ Չիկալեշի, 74), Ամիր Աբրաշի, Արմանդո Սադիկու (Սկելզեն Գաշի, 82):

Շվեյցարիա. Յան Ցոմեր, Ստեֆան Լիխշտայներ, Ֆաբիան Շեր, Յոհան Ջուրու, Կրիստիան Ռոդրիգես, Բլերիմ Ձեմաիլի (Ֆաբիան Ֆրեյ, 76), Վալոն Բեհրամի, Գրանիտ Ջակա, Ջերդան Շաքիրի (Գելսոն Ֆերնանդես, 88), Ահմեդ Մեհմեդի (Բրիլ Էմբոլո, 62), Հարիս Սեֆերովիչ:

Ֆոտո՝ Daily Mail

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով