«Ստադ դը Ֆրանս» ստադիոնում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացման խաղում մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիայի ազգային հավաքականն ընդունեց Ռումինիայի թիմին եւ առավելության հասավ նախավերջին րոպեին խփած գոլի շնորհից: A խմբում ընդգրկված հավաքականների դիմակայությունն ավարտվեց 2:1:
Արդեն չորրորդ րոպեին ռումինացիներն ունեին հաշիվը բացելու հրաշալի հնարավորություն: Անկյունայինի խաղարկումից հետո Բոգդան Ստանկուն չկարողացավ մեկ մետրից կատարած հարվածով գրավել Ֆրանսիայի հավաքականի դարպասը: Փրկեց դրությունը դարպասապահ Ուգո Լյորիսը:
Հետագայում մինչեւ ընդմիջում հնարավորություններ ունեին Ժիրուն, Գրիզմանն ու Պոգբան, սակայն Ֆրանսիայի հավաքականն այդպես էլ չկարողացավ առաջին խաղակեսում հասնել հաջողության:
Երկրորդ խաղակեսում Լոնդոնի «Արսենալի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն դարձավ Եվրո-2016-ի առաջին գոլի հեղինակը: Հանդիպման հաշիվը բացվեց 58-րդ րոպեին: Ժիրուն օգտագործեց Դիմիտրի Պայետի փոխանցումը:
64-րդ րոպեին Էվրան խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ Բոգդան Ստանկուն 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը:
Եվ միայն նախավերջին րոպեին Դիմիտրի Պայետի հեռվից կատարած հարվածով խփած գոլի շնորհիվ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը կարողացավ խուսափել երկու միավորի կորստից:
A խմբում են ընդգրկված նաեւ Շվեյցարիայի եւ Ալբանիայի հավաքականները, որոնք կհանդիպեն հունիսի 11-ին:
Ֆրանսիայի հավաքականի հունիսի 15-ին Մարսելում կմրցի ալբանացիների հետ:
Եվրո-2016, A խումբ
Ֆրանսիա - Ռումինիա՝ 2:1
Օլիվյե Ժիրու, 57, Դիմիտրի Պայետ, 89 - Բոգդան Ստանկու, 65, 11մ
Ֆրանսիա. Լյորիս, Սանյա, Կոսելնի, Ռամի, Էվրա, Կանտե, Մատյուիդի, Պոգբա (Մարտիալ, 77), Գրիզման (Կոման, 66), Պայետ (Սիսոկո, 90+2), Ժիրու:
Ռումինիա. Տետերուշանու, Սեպունարու, Գրիգորե, Կիրիկեշ, Ռաց, Խոբան, Պինտիլի, Ստանչու (Կիպչու, 72), Պոպա (Տորժե, 82), Ստանկու, Անդոնե (Ալիբեկ, 61):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում