21:17  ,  29 հունիսի, 2012

Եվրո-2012. Պրանդելի. Մենք կգտնենք Իսպանիայի թույլ կողմերը

Մենք Իսպանիայից չենք վախենում: Մենք կփորձենք գտնել նրանց թույլ տեղերը եւ օգտվել դրանցից, հայտարարել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին` անդրադառնալով Իսպանիայի հետ եզրափակիչ հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 1-ին:   

«Հեշտ չի լինելու, սա նրանց երրորդ անընդմեջ եզրափակիչն է, ինչը խոսում է նրանց որակների մասին: Բայց մենք էլ մրցաշարի մեկնարկից աճում էինք եւ այժմ իսկական թիմ ենք: Գերմանիայի դեմ մենք հիանալի էինք»,- Պրանդելիի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Իտալացի մասնագետը, որի պայմանագիրը հավաքականի հետ ուժի մեջ է մինչեւ 2014թ., հերթական անգամ նշել է, որ առայժմ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում:

«Իմ ապագայի մասին ես կմտածեմ Եվրո-2012-ից հետո: Վերջին երկու ամիսները շատ ծանր էին:

Ճշմարտությունն այն է, որ որոշակի պահերի ազգային հավաքականը ոչ մեկին չի մտահոգում: Մենք միլիոնավոր մարդկանց փողոց ենք դուրս բերել, սակայն սեպտեմբերից սկսած ոչ ոք այլեւս չի մտածելու Իտալիայի հավաքականի մասին»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պրանդելին խոստովանել էր, որ կարոտում է ակումբային աշխատանքը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով