02:15  ,  29 հունիսի, 2012

Եվրո-2012. Պրանդելիանա

Իտալիայի հավաքականը պաշտոնական հանդիպումներում երբեք չէր պարտվել Գերմանիայի հավաքականին եւ չպարտվեց նաեւ այս անգամ: Թվում էր, թե ամեն ինչ խոսում էր այն բանի օգտին, որ գերմանացիներն այսօր կկոտրեն այդ տհաճ վիճակագրությունը եւ կտանեն առաջին հաղթանակը իտալացիների նկատմամբ: Եվ նախորդ հանդիպումներում գերմանացիների վստահ հաղթանակները, եւ հզոր կազմը, եւ 2 օր ավելի հանգստանալու գործոնը: Գերմանացիների բոլոր առավելությունները բախվեցին իտալացիների ֆանտաստիկ խաղին եւ ոչ մի բանի պիտանի չեղան:

Երեկվա ձանձրալի եւ անհրապույր Իսպանիա – Պորտուգալիա խաղից հետո այս հանդիպումը պարզապես շքեղություն էր: Այն երկրպագուներին հաճույք էր պատճառում: Իր սյուժեով, խաղի ընթացքով, պահերով, դրամատիզմով:

Հանդիպման, եւ ինչու միայն հանդիպման, մրցաշարի ֆավորիտը Գերմանիայի հավաքականն էր, որը կոնվեյերի պես հաղթանակը հաղթանակի ետեւից էր արտադրում եւ գերմանական ճշտությամբ շարժվում: Մինչդեռ նրա մրցակիցը` Իտալիայի հավաքականը, շատ ավելի բարդ ճանապարհ էր անցնում: Նրանք հենց առաջին խաղում բախվեցին ամենա-ամենաների` իսպանացիների հետ եւ ցույց տվեցին, որ առնվազն թիմային ոգի ունեն, Չավիին չզիջող Պիրլո ունեն, անգլիացիների հետ խաղում ապացուցեցին, որ հենց անգլիացիներն են այս մրցաշար եկել չպարտվելու մտքով, մինչդեռ նրանք խաղում են հաղթելու համար: Իտալացիների ցուցադրած ֆուտբոլը անչափ գեղեցիկ էր, ինտելեկտուալ, նուրբ, կրակոտ, մտածված եւ ամենակարեւորը. այն 90 րոպե շարունակ դիտվում է, չի հոգնեցնում:

Բայց գերմանացիները այս խաղի ֆավորիտն էին եւ այդ կարգավիճակին հարիր վստահությամբ էլ սկսեցին հանդիպումը: Տարածքային առավելությունը իրենցն էր, առաջին գոլային պահերը` նույնպես, բայց մրցակիցը հույները չէին, որ հույսը դնեին բացառիկ ինչ-որ հակագրոհի վրա, այլ փորձառու, թրծված, վառոդի հոտը վաղուց ճանաչած իտալացիները, որոնք խաղասկզբի միայն 10-15 րոպեները գերմանացիներին թույլ տվեցին խաղալ իրենց խաղը, իսկ հետո սիստեմատիկ կերպով սկսեցին գոլերի նախապատրաստական աշխատանքներ իրականացնել:

Այս խաղի անոնսում նշել էինք գերմանացիների թույլ տեղերից մեկը` պաշտպան Բոատենգը, նշել էինք նաեւ գերմանացիների պաշտպանների ոչ կայուն խաղը: Իտալացիները հիանալի ուսումնասիրել էին մրցակցի բոլոր խոցելի տեղերը եւ դա շատ արդյունավետ օգտագործեցին: Երկու անգամ Սուպերմարիոն` նկատի չունենք գերմանական Սուպերմարիո Գոմեսին, որը այս խաղից, իսկ ավելի ճիշտ` առաջին խաղակեսից հետո զրկվեց Սուպեր կարգավիճակից, այսինքն` Մարիո Բալոտելին օգտվեց կենտրոնական պաշտպանների դիրքային սխալներից եւ երկու գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Առաջին դեպքում նրա գոլի կնքահայրը դարձավ ծափահարությունների, կամ նույնիսկ խոնարհման արժանի Կասանոն, երկրորդ դեպքում նրան ռադիոկառավարվող փոխանցում կատարեց Մոնտոլիվոն:

Այս երկու գոլերը շոկի մեջ գցեցին գերմանացիներին: Ակնհայտ էր, որ նրանք իրադարձությունների նման զարգացման չէին սպասում: Այս մրցաշարում գերմանացիները դեռ երբեք պարտվողի դերում չէին եղել. միգուցե անսովոր իրավիճակ էր դա. Միգուցե ավելորդ ինքնավստահության զոհ դարձան, բայց Բալոտելիի երկրորդ գոլից հետո գերմանացիները այլեւս ուշքի չեկան: Զգացվում էր, որ նրանք իրավիճակը փոխելու համար  չունեին… այսպես ասենք, այն խենթությունը, ինտելեկտի այն մակարդակը, միգուցե փորձառությունը, որն առկա էր իտալացիների մոտ: Չափից դուրս շատ էին մեքենայացված, եւ այդ մեքենայի սխեմաներից չկարողացան դուրս գալ: Օզիլը, Շվայնշտայգերը… երկու շարժիչ ուժերը, տեսեք, որքան անզոր տեսք ունեին: Ոչ թե վատ էին խաղում, այլ ի վիճակի չէին փոխել իրերի ծանր դրությունը: Իտալացիները ամբողջությամբ վերահսկում էին իրավիճակը: Նրանց սառնասրտությունը եւ գերմանացիների նկատմամբ իրենց առավելության գիտակցումը պարզապես ապշեցուցիչ էր: Խաղավերջում գերմանացիների մեկ գոլը պատկերը չփոխեց, մանավանդ, որ այդ գոլը ոչ թե թիմային խաղի արդյունք էր, այլ զուտ պատահականության:

Եվ հարց է առաջանում. ինչպե՞ս, ի՞նչ հրաշքով Պրանդելին կարողացավ ստեղծել նման մի թիմ, որը դեռ երկու տարի առաջ աշխարհի առաջնությունում պարտվում էր Սլովակիայի պես հավաքականին, որին Հայաստանի հավաքականը ջախջախում էր: Որեւէ մեկը նկատե՞ց, որ իտալացիները 2 օր քիչ են հանգստացել գերմանացիներից: Ի՞նչ է ներշնչել Պրանդելին իր խաղացողներին, որ նրանք ցուցադրում են այսպիսի ռոմանտիկ, գեղեցիկ, բարձրակարգ ֆուտբոլ, որի նմանը վերջին անգամ ունեցել են թերեւս 1982 թվականին… 30 տարի առաջ: Թերեւս ժամանակն է ֆեսյբուքում նախաձեռնություն ստեղծել. «Պահանջում ենք Պրանդելիի հուշարձանը հենց հիմա տեղադրել Հռոմում` Կոլիզեումի հարեւանությամբ»  վերնագրով: Որովհետեւ այն աշխատանքը, որը կատարել է Պրանդելին, այսօր շատ ավելի մեծ արդյունք տվեց, քան Յոախիմ Լյովի վեց տարվա աշխատանքը:

Այսպիսով, հուլիսի 1-ին Կիեւում կհանդիպեն այս մրցաշարի երկու ուժեղագույն հավաքականները` Իտալիան եւ Իսպանիան:

Մհեր Ղալեչյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով