00:36  ,  28 ապրիլի, 2016

Չեմպիոնների լիգա. «Աթլետիկոն» նվազագույն առավելությամբ հյուր կգնա «Բավարիային»

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի մայրաքաղաքի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում հյուրընկալեց Մյունխենի «Բավարիային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

Սկզբնամասում Սաուլ Նյիգեսն անհատական անցումով թիկունքում թողեց «Բավարիայի» մի քանի խաղացողների եւ դիպուկ հարվածով գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը:

Հենց հաջորդ գրոհի ժամանակ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին կարող էր վերականգնել հավասարությունը, սակայն Խիմենեսն օգնության հասավ դարպասապահ Օբլակին եւ փրկեց դրությունը:

«Բավարիան» գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ 70 տոկոս գնդակի վերահսկողություն, սակայն արդյունքի հասնել չկարողացավ: Երկրորդ խաղակեսի վերջնամասում Արտուրո Վիդալի երկու գեղեցիկ հարվածներից հետո Օբլակը հեռացրեց գնդակը:

Դաշտի տերերը կարող էին խփել երկրորդ գոլը, սակայն Ֆերնանդո Տորեսի հարվածից հետո «Բավարիային» փրկեց դարպասաձողը:

Պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա մայիսի 3-ին:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Աթլետիկո Մադրիդ» - «Բավարիա Մյունխեն»՝ 1:0 

Սաուլ Նյիգես, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով