13:50  ,  28 հունիսի, 2012

Եվրո-2012. Գերմանիա - Իտալիա. անոնս

Մինչեւ Եվրո-2012-ի մեկնարկը մասնագետների մեծամասնությունը համարում էր, որ եթե արտառոց ոչինչ չլինի, ապա եզրափակիչում հանդիպելու են Իսպանիայի եւ Գերմանիայի հավաքականները որպես աշխարհի ուժեղագույն երկու թիմեր:

Երեկ իսպանացիները, մեծ դժվարությամբ հաղթահարելով պորտուգալական արգելքը, մտան եզրափակիչ: Մնում է Գերմանիայի հավաքականը եւ կանխատեսումները կիրականան: Բայց դա շատ բարդ գործ է. նրանց մրցակիցը Իտալիայի հավաքականն է:

Եվ հարցը նույնիսկ իտալացիների ցուցադրած բարձրակարգ ֆուտբոլը չէ այս մրցաշարում: Պարզապես, գերմանացիները պաշտոնական հանդիպումներում երբեւիցե չեն հաղթել իտալացիներին: 7 խաղում ընդամենը 4 ոչ-ոքի: Այսինքն, իտալացիները` երբ էլ դա լիներ, ինչպիսի կազմ էլ ունենային, գերմանացիների հանդեպ արդեն կարծրացած ստերեոտիպներ ունեն եւ երբեք չեն ընկրկել:

Որպես կանոն, այս թիմերի միջեւ հանդիպումները դարակազմիկ, պատմական են դառնում: Հիշենք 1970թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը (4:3), որն այսօր էլ շատերը համարում են ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ հանդիպումը: Հիշենք 1982թ. աշխարհի առաջնության եզրափակիչը (3:1), որտեղ իտալացիները գրեթե կես դար հետո հետ բերեցին չեմպիոնի տիտղոսը: Իսկ նրանց վերջին պաշտոնական հանդիպումը՝ 2006թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, նույնպես փայլուն եւ բարձրակարգ ստացվեց, բայց նույնպես ավարտվեց իտալացիների հաղթանակով` 2:0:

Գերմանացիներն անկասկած գիտեն այս վիճակագրության մասին եւ կփորձեն այն մի փոքր շտկել: Այսօր նրանք դրա բոլոր հնարավորությունները ունեն:

Գերմանիայի հավաքականը միակ թիմն է, որն առայժմ միավոր չի կորցրել այս մրցաշարում: Լյովի սաները ցուցադրում են հարձակողական, կոմբինացիոն եւ դիտարժան ֆուտբոլ: Բոլոր հանդիպումներում նրանք միշտ վերահսկում են խաղի թելերը, եթե անհրաժեշտ է լինում, ավելացնում են գրոհների թափը, եթե պետք է լինում, խաղում են հաշվի վրա: Ռացիոնալ-պրագմատիկ, ուժերի արդյունավետ ծախսման մարտավարություն, որը, ըստ էության, Իսպանիայի հավաքականն էլ է կիրառում:

Հունաստանի հետ քառորդ եզրափակիչ խաղում Լյովը, վստահ լինելով կազմի մեջ, միանգամից երեք փոփոխություն կատարեց՝ խաղադաշտ մտցնելով երիտասարդ Շյուրլեին, Ռոյսին եւ փորձառու Կլոզեին: Եթե Լյովը այդ քայլով նպատակ էր հետապնդում հանգիստ տալ կազմի մի քանի հիմնական խաղացողների, ապա դա արդարացված էր, իսկ եթե մտադիր էր ուժեղացնել թիմի խաղը, այդ դեպքում էլ էր արդարացված, որովհետեւ հենց այս եռյակը հույների դեմ վստահ հաղթանակի հիմնական գործն արեցին: Ահա այսպիսի կազմ ունի Գերմանիան:

Ինչ վերաբերում Իտալիայի հավաքականին, ապա այս թիմը կարծես վերածննդի դարաշրջանի կտավ լինի: Այնքան գեղեցկություն կա նրա խաղում, նրբություն, վառ գույներ, արտիստիզմ: Եթե հիշենք, թե ինչպիսի ծանր պայմաններում Իտալիան մոտեցավ Եվրո-2012-ին… սկանդալներ, վնասվածքներ, եւ ինչպես նույնիսկ այդ վիճակում Չեզարե Պրանդելիին հաջողվեց ստեղծել արտակարգ բարձր կարգի ֆուտբոլ ցուցադրող կոլեկտիվ, ապա Պրանդելիի արձանը կարելի է արդեն հիմա Հռոմի մի տեսարժան վայրում տեղադրել:

Թիմի շարժիչը, իհարկե, Պիրլոն է, որը ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր է հիշեցնում: Այնքան անթերի եւ գրագետ է ղեկավարում թիմի գործողություններն ամբողջ խաղի ընթացքում: Ուղղակի էսթետիկական հաճույք է պատճառում Պիրլոն իր խաղով: Վերջինս իտալացիների ամենամեծ առավելությունն է գերմանացիների հանդեպ. այնուամենայնիվ, Գերմանիան այդ ոճի եւ այդ կարգի ֆուտբոլիստ չունի: Հենց Պիրլոյի խաղից է շատ բան կախված լինելու այսօրվա դիմակայությունում: Իհարկե, պետք է հիշատակել նաեւ Բուֆոնին, որը առայժմ ժայռի պես կանգնած է դարպասներին եւ Դանիելե Դե Ռոսիին, որը երեւի այս պահին աշխարհի ամենաունիվերսալ ֆուտբոլիստն է: Դե Ռոսին կարող է հաջողությամբ խաղալ կենտրոնական պաշտպանի գոտում, իսկ հաջորդ խաղում գործել ենթահարձակվողի դիրքում, եւ երկու դեպքում էլ հիանալի կատարել իր պարտականությունները:

Կարելի էր ասել, որ եզրափակիչ մտնելու`թիմերի հնարավորությունները հավասար են, անկախ նրանից, թե ինչ կասեն բուքմեյքերները: Սակայն գերմանացիները մի մեծ առավելություն ունեն, եւ դա այնքան լուրջ առավելություն է, որ իտալացիներն իրենք էլ են դա ընդունում: Խոսքն այն մասին է, որ գերմանացիները 2 օր ավելի շատ են հանգստացել: Գերմանացիները հանգստացել են 6 օր, իտալացիները` 4: Բացի այդ, գերմանացիները հույների հետ խաղում հանգիստ տվեցին իրենց մի քանի խաղացողների, իսկ Իտալիայի հավաքականը Անգլիայի հետ շատ ծանր, հոգնեցուցիչ, 120 րոպե տեւած հանդիպում անցկացրեց: Այնպես որ գերանացիներն այս հանդիպմանն ավելի թարմ տեսք կունենան եւ դա կարող է վճռել հանդիպման ելքը:

Գերմանիա

Կազմի առումով Լյովը ընտրության մեծ հնարավորություն ունի: Կարող է անփոփոխ թողնել հույների հետ խաղացած կազմը, կարող է նոր տարբերակներ ընտրել: Բոլոր փոփոխությունները հավասարազոր են: Թիմի միակ թույլ տեղը, ինչպես երեւաց նախորդ հանդիպումներում, միայն պաշտպանության աջ գոտին է, որտեղ գործում է Բոատենգը: Ավելի ճիշտ, կայուն չի խաղում վերջինս: Միգուցե նրա փոխարեն խաղադաշտ մտներ Լարս Բենդերը: Շվայնշտայգերի հետ կապված հարցեր կան. Բաստիանը վնասվածք ունի եւ նրա խաղադաշտ մտնելը հարցականի տակ է:

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովի խոսքը. «Հիմա մենք ունենք այնպիսի թիմ, որի խաղը կախված չէ մրցակցից: Այն խաղում է իր ֆուտբոլը: Մենք դրա վրա աշխատել ենք վերջին տարիներին եւ այժմ խաղում ենք այն մակարդակի վրա, երբ կարող ենք ոչ մեկից չվախենալ: Գերմանիան երբեք չի՞ հաղթել Իտալիային: Ես դրան հատուկ նշանակություն չեմ տալիս: Մեր հավաքականն ի վիճակի է հաղթել ցանկացած մրցակցի»:

Իտալիա

Կազմի առումով Պրանդելին` ըստ էության խնդիր չունի: Երկու դեղին քարտի պատճառով որակազրկված է Մաջոն, բայց դա մեծ կորուստ չէ: Փոխարենը վնասվածքից ապաքինվել է պաշտպանության հենասյուներից մեկը` Կյելինին, եւ, ինչպես հաղորդվում է, նա պատրաստ է այսօր դուրս գալ խաղադաշտ: Սա կարեւոր է իտալացիների համար:

Սակայն Պրանդելիի համար ամենամեծ խնդիրը իր սաների ֆունկցիոնալ եւ ֆիզիկական պատրաստականությունն այս հանդիպմանն օպտիմալ տեսքի բերելն է: Դա շատ բարդ խնդիր է եւ հնարավոր է, որ այս պատճառով կազմում մի շարք փոփոխություններ կատարվեն եւ խաղադաշտ մտնեն նոր եւ թարմ դեմքեր:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի խոսքը. «Բոլորը պատրաստ են խաղալ: Սակայն կազմի ընտրության հարցում գլխացավանքի առջեւ եմ: Վերջին մարզումը ցույց կտա, թե ինչպես են խաղացողները հանգստացել եւ որքանով են պատրաստ խաղին: Մենք հավատարիմ կմնանք մեր փիլիսոփայությանը: Իտալիայի հավաքականը չի կարող իրեն թույլ տալ խորը պաշտպանության անցնել: Ցավալի կլինի, եթե երկու տարվա աշխատանքները ջուրն ընկնեն, քանի որ մենք թիմի խաղային ձեռագիրը փոխել ենք»:

Հավանական կազմեր

Գերմանիա. Նոյեր - Հումելս, Բադշտուբեր, Լամ, Բոատենգ, Խեդիրա, Շվայնշտայգեր, Պոդոլսկի, Մյուլեր, Օզիլ, Գոմես:

Իտալիա. Բուֆոն - Դե Ռոսի, Կյելինի, Բոնուչի, Բալզարետի, Մարկիզիո, Մոնտոլիվո, Պիրլո, Դիամանտի, Կասանո, Բալոտելի

Հանդիպումը կսկվի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հունիսի 28, Վարշավա, «Ազգային» ստադիոն
Մրցավար՝ Ստեֆան Լանուա (Ֆրանսիա)

Բուքմեքերների կանխատեսումը. միջինացված գործակից
Գերմանիայի հաղթանակ՝ 1,93, ոչ ոքի՝ 3,40, Իտալիայի հաղթանակ՝ 4,70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով