01:28  ,  28 հունիսի, 2012

Եվրո-2012. Պորտուգալիա - Իսպանիա` 2:4

Եվրո-2012-ի եզրափակիչի առաջին ուղեգրի հասցեատերը հայտնի դարձավ միայն հետխաղայա 11 մետրանոցների արդյունքում:

Պորտուգալիա - Իսպանիա կիսաեզրափակիչ խաղում նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որն ավելի դիպուկ իրացրին իսպանացիները:

Առաջին խաղակեսում դարպասի ուղղությամբ երկու վտանգավոր հարված կատարեցին իսպանացիները. 9-րդ րոպեին` Բուսկետսը, 29-րդ րոպեին` Ինյեստան: Երկու անգամ ոչ այքան վտանգավոր հարված կատարեց Կասիլյասի դարպասի ուղղությամբ Ռոնալդուն:

Ընդմիջումից հետո խաղի տեմպն ավելի ընկավ: Վտանգավոր գոլային պահերը գրեթե բացակայում էին: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Նեգրեդոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Սեսկ Ֆաբրեգասին: Սակայն սրություն Իսպանիայի հավաքականի խաղում չհայտնվեց: Անվերջ պրեսինգի վրա սպառվում էին նաեւ Պորտուգալիայի հավաքականի ուժերը: Տուգանայինից երկու հարված կատարեց Կասիլյասի դարպասի ուղղությամբ Ռոնալդուն, երկու դեպքում էլ բարձր էր:

Լրացուցիչ առաջին խաղակեսում, 104-րդ րոպեին Խորդի Ալբայի փոխանցումից հետո Անդրես Ինյեստան մեն-մենակ հայտնվեց Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուի դեմ, մեկ հպումով հարված կատարեց դարպասին, սակայն Պատրիսիուն կարողացավ փրկել պորտուգալացիներին:

Երկրորդ 15 րոպեների ընթացքում իրական գոլային պահեր չգրանցվեցին:

Նշանակվեցին հետխաղյա 11 մետրանոցներ:

Չավի Ալոնսոյի ու Ժոաու Մոուտինյուի հարվածներից հետո դարպասապահները հետ մղեցին գնդակը` 0:0:

Անդրես Ինյեստան ու Պեպեն չվրիպեցին` 1:1:

Պիկեն ու Նանին եւս ոչ մի շանս չտվեցին համապատասխանաբար Պատրիսիուին եւ Կասիլյասին` 2:2:

Սերխիո Ռամոսը գրավեց Պատրիսիուի դարպասը, իսկ Բրունու Ալվեշը հարվածեց հորիզոնական դարպասաձողին` 3:2:

Սեսկ Ֆաբրեգասի հարվածը հաղթանակ բերեց Իսպանիային` 4:2

Դոնեցկ

Եվրո-2012. Կիսաեզրափակիչ

Պորտուգալիա – Իսպանիա` 0:0,  2:4 - 11 մետրանոցներով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով