12:07  ,  27 հունիսի, 2012

Եվրո-2012. Իսպանիա - Պորտուգալիա. անոնս

Այս հանդիպումը խոստանում է բացառիկ ներկայացում լինել: Շատերը ենթադրում են, որ սա կլինի մրցաշարի ամենադիտարժան եւ գեղեցիկ հանդիպումը, որը կբավարարի ամենախստապահանջ երկրպագուների հաճույքները: Իսկ երկրպագուները իրավունք ունեն որոշակի պահանջներ ներկայացնել, հատկապես Իսպանիայի հավաքականին:

Դեռ չսկսած, այս հանդիպումը դարձել է բուռն քննարկումների, բանավեճերի առարկա: Այդ քննարկումների հիմնական հարցադրումների մեկը հետեւյալն է. ո՞վ կկանգնեցնի Իսպանիային: Արդեն չորս տարի այս թիմը գնդակը վերցրել եւ ոչ մեկին չի տալիս: Չի տալիս եւ վերջ: Մրցակիցների մարզչական շտաբները մանրամասն վերլուծում են իսպանացիների խաղը` դրվագ առ դրվագ, խաղացող առ խաղացող, անդադար տարատեսակ տակտիկական մտահղացումներ մշակում, խաղացողների ֆիզիկական պատրաստականությունը իդեալական վիճակի հասցնում, իսկ արդյունքը նույնն է. իսպանացիները գնդակը վերցնում են, սկսում են իրենց անթիվ, անհամար փոխանցումները, խփում ծրագրավորված մեկ-երկու գոլը եւ սպասում խաղի ավարտին: Ջուրն են ընկնում նրանց մրցակիցների բոլոր չարչարանքները:

 Միշտ գերմանացիներին էին համարում պրագմատիկ  ֆուտբոլի ներկայացուցիչներ, բայց այս Իսպանիան իր պրագմատիկ ֆուտբոլով գերմանացիներին վաղուց արդեն գերազանցել է: Սա շատերին է նյարդայնացնում, նույնիսկ իսպանական ֆուտբոլի սիրահար հայ ներկայացուցիչներն են այս օրերին իրենց դժգոհությունը սոցցանցերում հայտնում, որ իսպանացիների խաղում պակասում է գեղեցկությունը, ազարտը, ռիսկը, հանդիսատեսի համար նախատեսված խաղը:

Իսպանիայի հավաքականը երբեմն հիշեցնում է աղբյուրից  ջուր խմող վիշապի, որը ուրիշներին թույլ չի տալիս ջուր խմել, հիշեցնում է մեկ դերասանի թատրոն եւ այլն:

Դրա հետ մեկտեղ, որքան էլ զարմանալի թվա, վիճակագրական տվյալները հակառակ պատկերն են ցույց տալիս: Իսպանացիները` գերմանացիների հետ միասին ամենաշատն են գոլ խփել` 8, ամենաքիչն են բաց թողել` մեկ գնդակ, իտալացիներից հետո ամենաշատն են դարպասի ուղղությամբ հարվածել: Փոխանցումների եւ տարածքային առավելության նրանց ցուցանիշների մասին ավելի լավ է լռենք: Ստացվում է, որ իսպանացիներն իրենց պրագմատիզմով հանդերձ ամենահարձակողական եւ դիտարժան ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկն են: Այսինքն, այդ պրագատիզմի մեջ կա դիտարժանության տարր, իսկ դիտարժանության մեջ` պրագմատիզմի տարր: Այնպես որ, այս խաղում էլ նրան բացահայտ ֆավորիտ են համարվելու. հետաքրքիր է, թե Իսպանիայի հավաքականը վերջին անգամ ե՞րբ չէ խաղի ֆավորիտ համարվել:

«Սպանել վիշապին». սա է լինելու Պորտուգալիայի հավաքականի առաքելությունը: Իսպանացիներին հաղթելը ինքնին հերոսություն կհամարվի, իսկ պորտուգալացիները այդ հերոսության համար ամեն ինչ ունեն: Պորտուգալիայի հավաքականը խաղից խաղ ավելի հասուն եւ համարձակ խաղ է ցուցադրում: Ավելի թիմային, ավելի արագ, եւ խաղից խաղ իրեն ավելի լավ է դրսեւորում Քրիշտիանու Ռոնալդուն, որը եթե շարունակի այս տեմպերով, ապա «Ոսկե գնդակի» համար պայքարում Մեսիին կարող է եւ դեռ գերազանցել, իսկ իսպանացիներին հաղթելու դեպքում այդ հարցը նույնիսկ կփակվի: Պաշտպանությունում պարզապես փայլում է Պեպե-Ալվեշ զույգը: Կենտրոնում բավական հղկվեցին Վելոզու-Մոուտինյու-Մեյրեյլեշ եռյակի համատեղ գործողությունները: Թիմի հիմնական զենքը նրա ռեակտիվ հակագրոհներն են, որոնց արագություն են հաղորդում Ռոնալդուն եւ Նանին: Մի խոսքով, Բենտուն թիմ է ստեղծել, եւ այդ թիմը արդյունք է տալիս:

Մի փոքր էլ վիճակագրություն. Այս թիմերը հանդիպել են 37 անգամ, եւ առավելությունը իսպանացիներինն է` +15=13-9: Վերջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 2010թ., երբ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 1:0 ստանդարտ հաշվով հաղթեցին պորտուգալացիներին եւ շարունակեցին իրենց ճանապարհը դեպի չեմպիոնական տիտղոս:

Իսպանիա

Տորեսը կմտնի, թե Ֆաբրեգասը, թե ընդհանրապես Խուանֆրանը, սա թողնենք Դել Բոսկեին: Ավելի լավ է, կենտրոնանանք Իսպանիայի հավաքականի թույլ տեղերի վրա: Որքան էլ փնտրենք, ակնհայտ թույլ տեղեր չունի այս թիմը: Լավ, մի թույլ տեղ ունի. Չավին, Ինյեստան, Պեդրոն, Սիլվան շատ վատ են խաղում գլխով, նույնիսկ կարելի է ասել, ընդհանրապես չեն խաղում: Ճիշտ է, դրա կարիքն էլ չունեն: Եվ մեկ էլ երրորդ դարպասապահ Վալդեսը այնքան էլ լավ մարզավիճակում չէ: Ահա Իսպանիայի հավաքականի բոլոր թույլ տեղերը: Հարձակման գծի մասին չենք խոսում, որովհետեւ այդպիսի գիծ Դել Բոսկեի նախագծերում նախատեսված չէ:

Պորտուգալիա

Հետաքրքիր փաստ է. միակ հավաքականն է, որը Եվրո-2012-ի բոլոր հանդիպումներւ սկսել է նույն կազմով: Ոչ մի փոփոխություն չի եղել, այսինքն խաղարկված կազմ է, իրար արդեն շատ լավ են զգում խաղադաշտում: Ճիշտ է, այսօր մեկ փոփոխություն Բենտուն ստիպված է անել. Չեխերի հետ խաղում վնասվածք ստացած Պոշտիգայի փոխարեն մեկ այլ հարձակվող պետք է մտնի: Բայց Պոշտիգայի կորուստը ողբերգական չէ. նա ոչ Պեպե է, ոչ էլ հատկապես Ռոնալդու, այնպես որ դա պորտուգալացիների խաղի վրա էական ազդեցություն չի թողնի:

Մի քանի օր առաջ Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Յուրգեն Կլինսմանը` խոսելով պորտուգալացիների հնարավորությունների մասին, շատ դիպուկ նկատել էր, որ պորտուգալացիները կարող են չեմպիոն դառնալ, եթե խաղացողները խաղի ընթացքում ավելի շատ իրենց վրա վերցնեն խաղի պատասխանատվությունը եւ հույսը չդնեն Ռոնալդուի վրա: Իսկապես, չի ստացվում Ռոնալդուի խաղը, պորտուգալացիները անմիջապես մեծ խնդիրներ են ունենում: Մինչդեռ նրանք ունեն խաղացողներ, որոնք այդ պահին կարող են ավելի մեծ դեր խաղալ: Բենտուի խնդիրը այս խաղում պետք է լինի Ռոնալդուի եւ մնացածների միջեւ ներդաշնակ խաղի ճիշտ ձեւը գտնելն է:

Հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուի խոսքը. «Մենք ցանկանում ենք գնդակին ավելի շատ տիրել, բայց նաեւ հասկանում ենք, որ մեր դեմ խաղալու է մեզ հանդիպած մրցակիցներից ամենաուժեղը: Պատրաստվում ենք մրցաշարում ավելի առաջ գնալ: Մենք ունենք մեր ոճը եւ ունենք պատմության մեջ երկրորդ անգամ եզրափակիչ մտնելու հնարավորությունը: Վստահ ենք, որ մեր խաղացողները ունակ են դա անել: Այդ իսկ պատճառով մենք ստադիոն կմտնենք աշխարհում ամենաբարձր մոտիվացիայով»:

Հավանական կազմ

Իսպանիա

Իկեր Կասիլյաս, Պիկե, Ռամոս, Արբելոա, Ալբա, Ինյեստա, Չավի, Բուսկետս, Ալոնսո, Սիլվա, Ֆաբրեգաս

Պորտուգալիա

Պատրիսիու, Պերեյրա, Կոենտրաու, Պեպե, Ալվեշ, Վելոզու, Մեյրեյլեշ, Մոուտինյո, Նանի, 

Ռոնալդու, Ալմեյդա

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հունիսի 27, Դոնեցկ, «Դոնբաս Արենա» ստադիոն
Մրցավար – Ջունեյթ Չաքիր (Թուրքիա)

Բուքմեքերների կանխատեսումը. միջինացված գործակից
Իսպանիայի հաղթանակ՝ 1,88, ոչ ոքի՝ 3,65, Պորտուգալիայի հաղթանակ՝ 4,55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով