09:32  ,  26 հունիսի, 2012

Վալերի Ալեքսանյանը երկարաձգեց պայմանագիրը «Սանաթ Նավթի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վալերի Ալեքսանյանը երկարաձգել է պայմանագիրը իրանական «Սանաթ Նավթ» ակումբի հետ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2012-2013թթ. մրցաշրջանի ավարտը:

«Մեկ տարով երկարաձգեցի պայմանագիրը «Սանաթ Նավթի» հետ: Հունիսի 26-ից թիմը 10-12 օր հավաք կանցկացնի Թեհրանում՝ նախապատրաստվելով հուլիսի 19-ին մեկնարկող Իրանի նոր առաջնությանը: Թիմում կան մի քանի նորեկներ: Նրանցից մեկը սերբ դարպասապահ է, իսկ մյուսը՝ բրազիլացի կիսապաշտպան: Թիմի կազմը համալրել են նաեւ չորս իրանցիներ, որոնցից երկուսը հանդես են գալիս պաշտպանությունում»,- զրույցում հայտնեց Ալեքսանյանը:

Վալերի Ալեքսանյանը 2011 թվականին Երեւանի «Ուլիսից» է տեղափոխվել «Սանաթ Նավթ»: Իրանի ավարտված առաջնությունում Ալեքսանյանը Աբադանի թիմի կազմում անցկացրել է 22 հանդիպում: «Սանաթ Նավթի» վաստակած 43 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով