11:50  ,  26 փետրվարի, 2016

ՖԻՖԱ-ն այսօր կունենա նոր նախագահ. Ֆավորիտները երկուսն են

ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունում ԱՄՆ-ն եւ Ավստրալիան կքվեարկեն Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնի օգտին, հաղորդում է AFP-ն։ Քվեարկությունը փետրվարի 26-ին է Ցյուրիխում մեկնարկած ՖԻՖԱ-ի Կոնգրեսում, որի ուղիղ հեռարձակումը կլինի ՖԻՖԱ-ի կայքում։

ԿՕՆԿԱԿԱՖ-ն ի տարբերություն մյուս կոնֆեդերացիաների միասնական դիրքորոշմամբ հանդես չի գա։ Կանադան կքվեարկի ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյի օգտին։ Ասիայի եւ Աֆրիկայի գրեթե բոլոր ֆեդերացիաները նախապես հայտարարել են, որ աջակցելու են Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆային։ Թեեւ Ինֆանտինոն հայտարարել էր, որ հույս ունի ստանալ աֆրիկյան ֆեդերացիաների գոնե կեսի աջակցությունը։

Քվեարկությանը կմասնակցեն 207 ֆեդերացիաներ։ Քուվեյթի եւ Ինդոնեզիայի անդամակցություը ՖԻՖԱ-ին ժամանակավորապես դադարեցված է, եւ այդ երկրների ֆեդերացիաները չեն քվեարկի։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի անդամ մյուս ֆեդերացիաների նման կքվեարկի Ինֆանտինոյի օգտին։

Քվեարկությունը գաղտնի է, առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել 2/3-ից ավելի ձայն։ Հաջորդ տուրերում նախագահ կընտրվի մինչեւ թեկնածուներից մեկը չստանա ձայների 50 տոկոսից ավելի։

Ֆավորիտներն են 50-ամյա շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան եւ 45-ամյա Ջանի Ինֆանտինոն։ Անակնկալի սպասելիքներ կան նաեւ 39-ամյա Ալի բին Ալ Հուսեյնից, հատկապես, ԱՄՆ-ի աջակցությունը ստանալուց հետո։

Հայտնի է, որ հենց ԱՄՆ-ի իրավապահ մարմինների ակտիվ մասնակցությամբ սկսվեց ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի հետ կապված կոռուպցիոն սկանդալը։

ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուներ են նաեւ 62-ամյա հարավաֆրիկացի գործարար, քաղաքական, հասարակական գործիչ Տոկիո Սեկսվալեն եւ 57-ամյա ֆրանսիացի Ժերոմ Շամպանը, որը եղել է Բլատերի խորհրդականը, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, France Football-ի նախկին վերլուծաբան, Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության նախկին պաշտոնյա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում