02:14  ,  25 հունիսի, 2012

Եվրո-2012. Ամեն ինչ արդար էր. Իտալիան հաղթեց

Միայն 11 մետրանոց հարվածների շնորհիվ որոշվեց Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի վերջին հանդիպման հաղթողը: Իտալիա – Անգլիա հանդիպումը, ինչպես եւ կանխատեսվում էր, կողմերի համար ստացվեց շատ բարդ եւ ծանր: Բուքմեյեքերը, մասնագետները խաղից առաջ հավասար էին գնահատում հնարավորությունները: Միակ հանդիպումը, որը չուներ ֆավորիտ:

Խաղի հաշիվը հաստատեց դա, իսկ ահա ընթացքը` ոչ: Իտալիայի հավաքականը խաղի ամբողջ ընթացքում ավելի մոտ էր հաղթանակին:

Սա Եվրո-2012-ի առաջին գոլազուրկ հանդիպումն էր: Սա զարմանալի չէր, քանի որ երկու թիմերն էլ այս մրցաշարում աչքի են ընկնում առաջին հերթին պաշտպանողական մարտավարությամբ եւ մրցակիցներին դժվարությամբ էին տրվում գոլերը:

Մինչդեռ հանդիպման սկիզբը այնքան խոստումնալից էր, որ թվում էր, թե այս խաղում գոլային հրավառություն կլինի: Նախ արդեն 4-րդ րոպեին անգլիացիների դարպասաձողը թույլ չտվեց Դե Ռոսիին դառնալ մրցաշարի ամենագեղեցիկ գոլի հեղինակը, իսկ մեկ րոպե անց Բուֆոնը ֆանտաստիկ սեյվով թույլ չտվեց Ջոնսոնին 4 մետրից գոլ խփել: Առաջ անցնելով նշենք, որ դա անգլիացիների միակ հարվածն էր դարպասի ուղղությամբ 120 րոպեների ընթացքում: Այդ պահից հետո իտալացիները տիրեցին նախաձեռնությանը եւ այն բաց չթողեցին մինչեւ հանդիպման ավարտը:

Անգլիացիները նորից ոչնչով չզարմացրեցին: Մեծ ուժեր հատկացնելով պաշտպանությանը` նրանք շեշտը դրել էին հակագրոհների վրա: Մինչդեռ իտալացիները անընդհատ գրոհում էին, եւ նրանց գրոհները շատ բազմաշերտ էին, դրանց մասնակցում էին մեծ թվով ֆուտբոլիստներ, առջեւում անընդհատ գոլային պահեր էին ստեղծվում: Ակնհայտ դարձավ անգլիացիների ամենաթույլ տեղը. կենտրոնական պաշտպանությունը: Այս գոտու խաղացողները բազմիցս բաց էին թողնում իտալացիների գրոհները: Միայն Բալոտելին կարող էր 4-5 գոլ խփել: Պարզապես զարմանալ կարելի է, թե ինչպես էր այս հարձակվողը փչացնում հիանալի պահերը:

Նշել էինք, որ այս հանդիպման ընթացը մեծապես պայմանավորված կլինի դաշտի կենտրոնում թիմերի առաջատարներ Պիրլոյի եւ Ջերարդի գործողություններից, նրանց միկրոմենամարտից: Եվ կարելի է ասել, որ Ջերարդը պատրաստ չէր այդ պայքարին: Չափից դուրս մեծ էր Պիրլոյի առավելությունը անգլիացու նկատմամբ, եւ ընդհանրապես, Պիրլոն իր յուրաքանչյուր գործողությունով պարզապես հիացմունք էր պատճառում, խաղի վերահսկման բոլոր թելերը նրա ձեռքում էին, բոլոր վտանգավոր պահերը սկսվում էին նրա փոխանցումներից հետո: Իսկ Ջերարդը միգուցե վնասվածք ուներ, միգուցե հոգնած էր, բայց սա նրա ամենաանհաջող հանդիպումն էր Եվրո-2012-ում:

Իտալիայի հավաքականի խաղը ավելի ամբողջական, հասուն, գրագետ, տակտիկապես բազմազան էր: Յուրաքանչյուր խաղային դրվագում երեւում էր նրանց առավելությունը: Իտալացիները խաղում էին հաղթելու համար, անգլիացիները` չպարտվելու: Մեկը գրոհում էր, մյուսը` պաշտպանվում: Նույնիսկ, երբ երկրորդ խաղակեսում Ռոյ Հոջսոնը փոփոխություններ կատարեց, եւ խաղադաշտ մտցրեց երկու հարձակողական ոճի խաղացողների` Քերոլին եւ Ուոլքոթին, անգլիացիները շարունակում էին պաշտպանվել: Մինչդեռ երբ Պրանդելին փոփոխություններ կատարեց, խաղադաշտ մտցնելով երկու կիսապաշտպանների, Դիամանտիի եւ Նոչերինոյին, իտալացիները առջեւի գծում էլ ավելացրին ճնշումը: 

Բայց այս ամենը ոչինչ չարժեր, երբ չկար ամենակարեւորը` գոլը: Միայն երեք անգամ դարպասաձողը օգնության հասավ անգլիացիներին: Վերջիններս հանդիպման լրացուցիչ ժամանակում գրեթե չէին անցնում մրցակցի կիսադաշտը եւ միակ նպատակը խաղը մինչեւ 11 մետրանոց հարվածներին հասցնելն էր: Մինչդեռ իտալացիները մինչեւ հանդիպման 120-րդ րոպեն պաշարել էին մրցակցի տուգանային հրապարակը, փորձելով խաղի ընթացքին տրամաբանական հաշիվ ունենալ: Բայց Հարտի եւ անգլիացիների պաշտպանների շնորհիվ, իսկ դրանք 8-9 էին անռվազն, հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածներով: Սա անգլիացիների ուզածն էր: Բայց գոնե այստեղ արդարությունը հաղթանակեց. հաղթեց այն թիմը, որն ավելի արժանի էր դրան` Իտալիայի հավաքականը:

Ավելի լավ է, ներկայացնենք հանդիպման վիճակագրությունը, որպեսզի արդարության մասին մեր տեսակետը կասկածի տեղիք չտա: Իտալիա – Անգլիա. հարվածներ դարպասի ուղղությամբ` 8-1, հարվածներ դարպասին` 17-7, տարածքային առավելություն`63-37: Այս երեք փաստը բավական է:

Իտալիան հաղթեց եւ այժմ կիսաեզրափակիչում կհանդիպի գերմանացիների հետ: Ամենահետաքրքիր առջեւում է:

Մհեր Ղալեչյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով