01:26  ,  25 հունիսի, 2012

Եվրո-2012. Իտալացիները կիսաեզրափակիչում են

Իտալիայի ազգային հավաքականը Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց:

Քառորդ եզրափակիչում իտալացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածներով առավելության հասան Անգլիայի հավաքականի նկատմամբ:

Թիմերը բավական տպավորիչ ձեւով սկսեցին հանդիպումն՝ առաջին խաղակեսի սկզբնամասում մեկական իրական գոլային պահեր ստեղծելով միմյանց դարպասների մոտ: Դանիելե Դե Ռոսիի գեղեցիկ հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին, իսկ Գլեն Ջոնսոնի հարվածից հետո գերազանց խաղաց իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: Առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահն ունեցավ իտալացի Մարիո Բալոտելին, սակայն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը, մեն-մենակ դուրս գալով Ջո Հարտի դեմ, չկարողացավ գրավել անգլիացիների դարպասը: Աստիճանաբար իտալացիները սկսեցին ավելի շատ տիրել գնդակին եւ ավելի հաճախակի անհանգստացնել անգլիացիների դարպասապահին: Առաջին խաղակեսի վերջնամասում Բալոտելին եւս մեկ 100 տոկոսանոց գոլային պահ կորցրեց եւ թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում Իտալիայի հավաքականի առավելությունը բացահայտ էր: Ընդմիջումից անմիջապես հետո իտալացիները մի քանի իրական գոլային պահեր ունեցան, սակայն Ջո Հարտը շարունակում է փրկել անգլիացիներին: Ռոյ Հոջսոնի թիմը հազվադեպ էր գրոհում: Իտալացիներն ունեին տարածքային եւ խաղային մեծ առավելություն, սակայն այդպես էլ չկարողացան գրավել անգլիացիների դարպասը: Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին: Եվրո-2012-ում գրանցվեց առաջին 0:0 հաշիվը եւ թիմերը ստիպված եղան խաղադաշտում անցկացնել եւս 30 րոպե՝ հաղթողին որոշելու համար:

Լրացուցիչ ժամանակում պատկերը նույնն էր: Անգլիացիները գրեթե չէին գրոհում, իսկ իտալացիները չէին կարողանում արդյունավետ ավարտել գեղեցիկ գրոհները: Լրացուցիչ ժամանակում նույնպես գոլեր չգրանցվեցին եւ գործը հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որում ավելի հաջողակ գտնվեցին իտալացիները՝ հաղթելով 4:2 հաշվով:

11 մետրանոցների ժամանակ անգլիացիներից վրիպեցին Էշլի Յանգը եւ Էշլի Քոուլը: Ջերարդն ու Ռունին դիպուկ հարվածեցին: Իտալացիներից դիպուկ էին Բալոտոլին, Պիրլոն, Նոչերինոն եւ Դիամանտին: Մոնտոլիվոյի հարվածը շեղ ստացվեց:

Իտալիայի հավաքականն այսօր շատ ավելի ուժեղ էր մրցակցից եւ արժանիորեն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Եվրո-2012-ում 100 տոկոսանոց արդյունք ցուցադրած Գերմանիայի հավաքականի հետ: Գերմանիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 28-ին Վարշավայի ազգային ստադիոնում:

Եվրո-2012, քառորդ եզրափակիչ

Անգլիա – Իտալիա՝ 0:0

11 մետրանոցներ՝ 2:4


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով