15:44  ,  5 մարտի, 2012

Վարդան Մինասյանը չի կարեւորում ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը

Վարդան Մինասյանը չի կարեւորում ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն այդ մասին նշեց մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսում։

«ՖԻՖԱ-ի վարկանիշը միայն կարեւոր է, որ դրանից է կախված, թե մեր թիմը որ զամբյուղում կընդգրկվի։ Եթե ընկնեինք վարկանիշի հետեւից, եւ խաղադաշտ դուրս բերեինք այն խաղացողներին, որոնք նոր էին միացել հավաքականին, կարող էինք վնասել թիմի ֆուտբոլիստներին։ Ինձ ասել էին, որ Սերբիայի հետ հանդիպումը վարկանիշային չէ, սակայն դա այդպես չէր։ Բայց պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել ՖԻՖԱ-ի վարկանիշին։ Ընկերական հանդիպումների գլխավոր նպատակը նոր խաղային սխեմաներ եւ ֆուտբոլիստներ փորձարկելն է»:

Մինասյանը անդրադարձավ նաեւ աշխարհի առաջնության ընտրական փուլին.

«Այսուհետ պետք է հետեւեմ բոլոր մրցակիցների խաղերին։ Բոլորն էլ ունեն իրենց ուժեղ եւ թույլ կողմերը։ Չեմ կարող ասել, որ թիմն է բարդ մրցակից, իսկ որը՝ հարմար։ Մեզ համար հարմար է մրցել այն թիմերի դեմ, որոնք խաղում են ուժային ֆուտբոլ, երկար փոխանցումներով։  Բոլորն էլ տարբեր խաղաոճեր ունեն, սակայն, երբ մենք խաղում ենք մեր ֆուտբոլը, բոլորի համար էլ լուրջ խնդիրներ ենք առաջացնում։ 

Ամենակարեւորը, որ թիմի ֆուտբոլիստները վնասվածքներ չստանան եւ լինեն լավ մարզավիճակում։ Մենք ունենք 14 ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս արտասահմանում եւ շատ կարեւոր է, որ նրանք շատ խաղային ժամանակ ստանան եւ գտնվեն պատշաճ մարզավիճակում։

Այս պահին հավաքականում կան խաղացողներ, որոնցով հետաքրքրվում են արտասահմանյան ակումբները։ Դա շատ դրական է, քանի որ դրսում խաղացող ֆուտբոլիստների խաղամակարդակը համապատասխանում է միջազգային չափանիշներին։

Վերջին շրջանում շատ է խոսվում դարպասապահ Ապուլա Բետեի մասին։ Ասեմ, որ ես աշխատել եմ նրա հետ ու շատ լավ եմ ճանաչում Բետեին եւ կարծում եմ, որ դեռեւս նրա կարիքը չկա։ Մենք հետեւում ենք նրա խաղերին, եւ գիտենք, թե ինչ մարզավիճակում է գտնվում։ Հայաստանի հավաքականը ակումբ չէ, եւ այստեղ հավաքվել են լավագույնները»,- նշեց Մինասյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով