09:38  ,  24 հունիսի, 2012

Եվրո-2012. Անգլիա - Իտալիա. անոնս

Եվս մեկ թոփ կարգավիճակով քառորդ եզրափակիչ հանդիպում: Սակայն այս մեկը նախորդ հանդիպումներից տարբերվում է նրանով, որ ֆավորիտ չունի: Բացարձակապես հավասար են գնահատվում կողմերի հնարավորությունները: Կապ չունի, որ Անգլիան իր խմբում 1-ին տեղն է գրավել, իսկ Իտալիա` 2-րդ: Թե բուքմեյքերական գրասենյակները, թե ֆուտբոլային մասնագետները դժվարանում են այս խաղում նախապատվությունը տալ կողմերից մեկին: Իսկ դա նշանակում է, որ սպասվում է ծանր եւ բարդ հանդիպում:

Երկու թիմերն էլ լավ տրամադրությամբ են մոտենում խաղին: Երկուսն էլ բավական բարդ խմբերից դուրս եկան: Իտալացիները առաջին խաղում իսպանացիների հետ գերազանց հանդիպում անցկացրեցին, այդ հանդիպումը թերեւս այս մրցաշարի առայժմ լավագույն հանդիպումն է` խաղի որակի, տակտիկական սխեմաների բազմազանության եւ սյուժեի առումով: Այդ դիմակայությունում հատկապես տպավորիչ էր Անդրեա Պիրլոյի խաղը, որը դաշտի կենտրոնում հավասար պայքար մղեց Չավիի հետ, թիմի շարժիչն էր եւ բոլոր գրոհներին սրություն հաղորդողը: Խորվաթների հետ հանդիպումը նույնպես ծանր եւ հետաքրքիր ստացվեց, որտեղ երկու կողմն էլ հավասար պայքարում կիսեցին միավորները: Իսկ իռլանդացիների հետ խաղում իտալացիները հեշտությամբ հաղթանակ տարան:

Անգլիացիների ճամբարում մրցաշարից առաջ ամեն ինչ հարթ չէր: Նորանշանակ մարզիչ, մի շարք սկանդալներ` կապված առաջին հերթին կազմի ընտրության եւ Ռիո Ֆերդինանդին Եվրո չտանելու հետ: Գումարած այդ ամենին առաջին երկու խաղերում չէր խաղալու որակազրկված Ռունին: Վնասվածքների պատճառով շարքից դուրս եկան Լեմպարդն ու Կեհիլը: Մշուշոտ էր անգլիացիների ապագան, բայց ի պատիվ Հոջսոնի, նա կարողացավ նշանակվելուց հետո կարճ ժամանակահատվածում փակել թիմում առկա բոլոր ճեղքերը, կարգուկանոն հաստատել, եւ մի շարք խաղային լուծումներ կիրառել մրցակիցների հետ խաղերում:

Թերեւս ֆրանսիացիների հետ առաջին հանդիպումն էր, որ ճնշող տպավորություն թողեց: Անգլիացիները այդ խաղում կենտրոնացած էին բացառապես պաշտպանական գործառույթների վրա` շեշտը դնելով հակագրոհների եւ ստանդարտ իրավիճակների վրա: Եվ քանի որ այդ տակտիկան աշխատեց, այսինքն անհրաժեշտ միավորը ձեռք բերվեց, նշանակում է, որ Հոջսոնի համար կարեւորը հաջորդ երկու հանդիպումներն էին: Շվեդիայի հետ հանդիպումը դիտարժան ստացվեց, ըստ էության նորից ընտրվել էր զգույշ, պաշտպանողական ֆուտբոլը, մինչեւ որ շվեդները հաշվի մեջ առաջ չանցան, ինչը կարող էր ճակատագրական լինել անգլիացիների համար: Այստեղ առաջին անգամ Հոջսոնը ուժեղացրեց հարձակման գիծը եւ դա տվեց ցանկալի արդյունքը: Խաղադաշտ մտած  Ուոլքոթի շնորհիվ անգլիացիները հաղթանակ տարան:

Վերջին խաղում` ուկրաինացիների հետ, անգլիացիներին ձեռնտու էր նաեւ ոչ ոքին: Եվ չնայած վերջապես խաղադաշտում էր Ուեյն Ռունին, նորից հիմնական մարտավարությունը խորը պաշպանությունն էր` արագ հակագրոհներով: Եվ սա նորից տվեց իր արդյունքը, ընդ որում աչքի ընկավ Ռունին:

Երեք խաղերի հանրագումարով կարելի է ասել, որ Հոջսոնին հաջողվել է մարտական թիմ ստեղծել, գրագետ, խաղից խաղ ավելի վստահ հանդես եկող: Անհրաժեշտության դեպքում անգլիացիները կարողանում են ուժեղացնել ճնշումը մրցակցի վրա: Նրանց գրոհները բավական մեծ արագությամբ` մեկ-երկու փոխանցումներով է զարգանում: Խիստ վտանգավոր են ստանդարտ վիճակներն իրացնելիս:

Ընդհանրապես, Իտալիայի եւ Անգլայի խաղը բավական նման են իրար: Երկուսն էլ գերադասում են խաղալ խորքից, պաշտպանությանն ավելի մեծ ուժեր են հատկացնում, երկուսն էլ արագ են հակագրոհում: Երկուսն էլ ունեն համաշխարհային կարգի դարպասապահներ: Եվ վերջապես, երկուսն էլ ունեն ընդգծված առաջատարներ, որոնք գրեթե նույն ոճով են խաղում` Պիրլոն եւ Ջերարդը: Միանշանակ, առայժմ լավագույնները իրենց թիմերում: Նրանց միկրոմենամարտը խոստանում է էսթետիկական հաճույք պատճառել բարձրակարգ ֆուտբոլի սիրահարներին: Հնարավոր է, հենց այս դիմակայությունն էլ կանխորոշի հանդիպման ելքը:

Թիմերն անցկացրել են 22 հանդիպում: Մի փոքր առավելություն ունեն իտալացիները` +9 =6 -7: Վերջին ամենահիշարժան հանդիպումը նրանց միջեւ կայացել է 1990 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ 3-րդ տեղի համար պայքարում իտալացիները 2:1 հաշվով հաղթեցին անգլիացիներին, որոնց հավաքականը թերեւս ամենաուժեղն էր 1966-ից հետո: Իսկ ընդհանրապես վերջին անգամ այս թիմերը հանդիպել են 10 տարի առաջ:

Անգլիա

Ռունին մտավ եւ գոլ խփեց: Կարիք չկա բացատրելու, թե ինչ նշանակություն ունի Ռունին անգլիացիների համար: Ուկաինայի հետ խաղում մենք տեսանք, թե որքան էր երեւում Ռունիի պակասը նախորդ խաղերում: Նրա հետ միասին Անգլիան բոլորովին այլ ուժ  է:

Մնացածը, կարծես թե նույնն  է: Բոլոր ձախորդությունները հետեւում են: Վնասվածքներն այլեւս չեն հետապնդում հավաքականին: Նորմալ մթնոլորտ է, վեճերը դադարել են, նույնիսկ Հոջսոնից նեղացած Ռիո Ֆերդինանդն է արդեն իր հիացմունքը հայտնում հավաքականի մրցելույթներից, նշելով, որ մինչեւ եզրափակիչ կհասնեն:

Իտալիա

Իտալացիները շատ լուրջ կորուստ ունեն. նախորդ խաղում ստացած վնասվածքի պատճառով չի խաղա պաշտպանության հենասյուներից մեկը` Կյելինին: Լավագույն պաշտպանը: Համարժեք փոխարինող նրան Պրանդելին չունի, այդ իսկ պատճառով բացառված չեն որոշ ձեւափոխումներ այս օղակում: Վնասվածքի պատճառով կասկածի տակ է նաեւ Մոտայի խաղադաշտ մտնելը:

Փոխարենը խաղից խաղ ավելի ուժեղ տպավորություն է թողնում կիսապաշտպան Մարկիզիոն: Առջեւի գծում Պրանդելին պետք է ընտրություն կատարի Կասանո-Բալոտելի-Դի Նատալե եռյակից: Բալոտելին բոլոր դեպքերում խաղում է Անգլիայի Պրեմիեր լիգայում եւ ավելի լավ է ճանաչում մրցակցին, այնպես որ նրա խաղադաշտ դուրս գալը ամենահավանականն է: Ի դեպ, Բալոտելին առայժմ վատ տպավորություն չի թողնում, եւ շատ սուր է գործում առջեւի գծում, եւ ընդամենը մեկ դեղին քարտ է ստացել, որը նման խառնվածքի տեր մարզիկին բնորոշ չէ:

Հավանական կազմ

Իտալիա. Բուֆոն, Դե Ռոսի, Բարձալի, Բոնուչի, Բալզարետի, Մարկիզիո, Մոտա, Պիրլո, Ձակերինի, Կասանո, Բալոտելի

Անգլիա. Հարտ, Ջոնսոն, Թերի, Լեսկոտ, Քոուլ, Միլներ, Պարկեր, Ջերարդ, Յանգ, Ռունի, Ուելբեք

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հունիսի 24, Կիեւ, «Օլիմպիական» ստադիոն
Մրցավար – Պեդրու Պրոենսա (Պորտուգալիա)

Բուքմեքերների կանխատեսումը. միջինացված գործակից
Անգլիայի հաղթանակ՝ 2,80, ոչ ոքի՝ 3,15, Իտալիայի հաղթանակ՝ 2,65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով