16:06  ,  26 հունվարի, 2016

ՀՖՖ-ն պաշտպանում է Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությունը

Օրերս Շվեյցարիայում կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ՈւԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունների նախագահներ եւ գործադիր տնօրեններ, ի թիվս այլ հարցերի լսվել եւ քննարկվել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրված ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը»):

Լսելով եւ քննարկելով ծրագիրը, հանդիպման ընթացքում ՈւԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունները որոշել են իրենց դիրքորոշումները հրապարակել ներքին կանոնակարգային սկզբունքներին համապատասխան:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին: Ընտրական ծրագիրը, որում ամփոփված են ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Ջիանի Ինֆանտինոյի գործողությունների ծրագրային դրույթները ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, ֆուտբոլային բազմատեսակ շահերից բխող նոր քայլ է համաշխարհային ֆուտբոլում, նաեւ Եվրոպական ֆուտբոլի զարգացման ճանապարհին: «Մանիֆեստը» նոր մտածողությամբ եւ աշխարընկալման նոր մոտեցումներ ընդգրկող ճանապարհային յուրօրինակ քարտեզ է, որն ուրվագծում է համաշխարհային ֆուտբոլի բոլոր հնարավոր տեսլականները, ներառում է սկզբունքային դրույթներ ֆուտբոլային սպասվող մարտահրավերներին դիմակայելու տեսակետից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ գնահատելով ներկայացված ծրագրի կարեւորությունը ֆուտբոլի զարգացման տեսանկյունից, իր պաշտպանությունն է հայտնում Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում եւ կսատարի վերջինիս՝ ընտրվելու պարագայում իր ծրագրային դրույթներն իրականացնելու գործում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուների ցուցակում տեղ են գտել՝ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամիլը եւ հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն: ՖԻՖԱ-ի նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին Ցյուրիխում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով