13:08  ,  23 հունիսի, 2012

Եվրո-2012. Իսպանիա - Ֆրանսիա. անոնս

Այսօր, հունիսի 23-ին կկայանա Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչ հանդիպումներից երրորդը: Այս մեկին վստահորեն կարելի է շնորհել թոփ կարգավիճակ: Հանդիպում են աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնն ու աշխարհի  եւ Եվրոպայի նախկին չեմպիոնը` Իսպանիա – Ֆրանսիա:

Ի տարբերություն նախորդ երկու քառորդ եզրափակիչների, այս խաղում ակնկալվում է երկկողմանի ֆուտբոլ եւ անկանխատեսելի ըննթացք: Իհարկե, ինչպես եւ Գերմանիան ու Պորտուգալիան նախորդ խաղերում, այստեղ էլ Իսպանիան է համարվում հանդիպման բացահայտ ֆավորիտը, սակայն մրցակիցն էլ համարվում է մրցաշարի թաքնված ֆավորիտներից մեկը: Թիմ, որը մինչեւ շվեդների հետ գրեթե ոչինչ չորոշող հանդիպումը 23 անպարտելի հանդիպումների շարք էր անցկացրել:

Վերջին տարիներին իսպանական ֆուտբոլը` թե հավաքականների, թե ակումբների մակարդակով գերիշխում էր համաշխարհային ասպարեզում: Նրանց ֆուտբոլը գերում է բոլորին, նրանց կազմում են ֆուտբոլի կախարդները, բոլորը խուսափում են նրանց հետ հանդիպել, նրանք ամենազոր են: Սակայն այս մրցաշարում Իտալիայի եւ Խորվաթիայի հավաքականները ցույց տվեցին, որ նրանց հետ կարելի է հավասար պայքար մղել, կարելի է դժվար դրության մեջ դնել: Իտալացիները Պիրլոյի հանճարեղ խաղի եւ թիմային բարձր կարգապահության շնորհիվ կարողացան իսպանացիներին տեղ-տեղ գերազանցել եւ միայն խաղավերջում Իսպանիան պահեստայինների երկար նստարանի շնորհիվ առավելություն ստացավ, չնայած չհաղթեցին: Իսկ խորվաթները հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում շատ ավելի մոտ էին հաղթանակին, երկրորդ խաղակեսում համարձակ գրոհում էին, ունեցան գոլային մի քանի հիանալի պահեր եւ միայն Կասիլյասի փայլուն խաղն ու մրցավարների վիճելի որոշումները թույլ չտվեցին խորվաթներին գերանակնկալի հեղինակ դառնալ: Միայն խաղավերջում իսպանացիների թարմ ուժերը` Ֆաբրեգասը եւ Նավասը, կարողացան հակագրոհի արդյունքում գոլ խփել:

Այնպես որ, իսպանացիներն էլ, ինչպես պարզվեց, կարող են սխալներ թույլ տալ, գոլ բաց թողնել, նույնիսկ, պարտվել: Պարզապես, մրցակիցները պետք է մի փոքր ավելի հաջողակ եւ համարձակ լինեն: Ֆրանսիացիները, կարծես թե համապատասխանում են այս չափանիշներին:

Մյուս կողմից, առայժմ անհասկանալի է Ֆրանսիայի հավաքականի խաղը: Խմբում երեք տրամագծորեն հակառակ հանդիպում անցկացրեց: Անգլիացիների հետ զգույշ, պաշտպանողական, գնդակի վերահսկմամբ: Ուկրաինացիների հետ համարձակ, վստահ, թիմային գերազանց խաղ, գնդակի տոտալ վերահսկում, բազմաթիվ սուր գոլային պահեր, գեղեցիկ կոմբինացիաներ: Շվեդների հետ անկազմակերպ, իներտ, բազմաթիվ սխալներով, թույլ պաշտպանությամբ, գրոհների բացակայությամբ: Հիմա սրանցից ո՞րն էր իսկական Ֆրանսիան: Հույս ունենք, որ դա Ուկրաինայի հետ խաղ անցկացրած թիմն է: Միայն այդ Ֆրանսիան կարող է պայքար մղել իսպանացիների հետ, մնացած դեպքերում պարզապես դատապարտված են: Միգուցե սա Բլանի մարտավարությո՞ւնն էր, խորամանկ քայլը, բթացնո՞ւմ է իսպանացիների զգոնությունը, չէր ցանկանում  ցույց տալ իր թիմի ողջ ներո՞ւժը: Տեսնենք:

Այս թիմերը հանդիպել են 30 անգամ: Առավելությունը իսպանացիների կողմն է` +13, =6, -11: Իսկ ահա պաշտոնական հանդիպումների պատմությունը իսպանացիների համար շատ տհաճ է. նրանք երբեւիցե ֆրանսիացիներին չեն հաղթել, 6 հանդիպումներից ընդամենը մեկում են ոչ-ոքի խաղացել, մյունսերում պարտվել են: Վերջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 2006թ. աշխարհի առաջնությունում, երբ ֆրանսիացիները անզուգական Զիդանի գլխավորությամբ 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթեցին համաշխարհային ֆուտբոլում նոր-նոր թափ հավաքող իսպանացիներին: Դրանից հետո շաջ ջրեր են հոսել. ֆրանսիացիները կորցրեցին ֆուտբոլային գերտերության կարգավիճակը, իսպանացիները այն ձեռք բերեցին: Այնպես որ, այսօր իսպանացիները այդ տխուր ավանդույթը կարող են խախտել:

Իսպանիա

Ֆաբրեգա՞ս, թե Տորես: Այս մրցաշարում կազմի հետ կապված միակ հարցադրումը առայժմ սա է: Մնացածը իրենց տեղերում են, հատկապես` Կասիլյասը:  Պիկեն Ռամոսի հետ պաշտպանության կենտրոնում հաշտվել են, Սիլվան ու Ինյեստան առջեւում հեռակա մրցակցում են թիմի գլխավոր դիրիժորի  կարգավիճակի համար, Խուան Մատան ու Ֆերնանդո Լյորենտեն նույնպես իրենց տեղում են` այսինքն պահեստայինների նստարանին: Միգուցե հիմա Դել Բոսկեն ինչ-որ համարձակ փոփոխություններ անի, ինչպես արեց Լյովը` Հունաստանի հետ խաղում:

Ֆրանսիա

Շատ գովեցին Ֆրանսիային: Երեւի աչքով տվեցին: Հաշտ, խաղաղ, անդորր մթոնոլորտ էր տիրում նրանց մոտ, մինչեւ որ շվեդների հետ խաղից հետո հանդերձարանում վեճեր սկսվեցին: Բլանի դեմ ըմբոստացել էր Բեն Արֆան, Նասրին էլ իր հերթին լեզու չէր գտել Ալու Դիարայի հետ: Վիճաբանության կողմերը պաշտոնապես հաշտվել են, Բլանին ավելի շատ բարկացրել էլ ոչ թե այս միջադեպը, այլ դրա արտահոսքը: Հաճելի չէ: Իսպանացիների հետ նման պատասխանատու խաղում դա կարող է նստվածք տալ: Բեն Արֆային կարելի է տուն ուղարկել` սեփական դիմումի համաձայն:

Ինչպիսի մարտավարություն կընտրի Բլանը. սա է հարցերի հարցը: Բլանը բազմիցս է հայտարարել, որ ինքը փորձում է թիմին ներարկել «Բարսելոնայի» խաղային փիլիսոփայությունը:  Ուկրաինացիների հետ խաղում դա ստացվեց: Բայց իսպանացիների հետ դա կրակի հետ խաղալու պես մի բան է: Նման ֆուտբոլի համար անհրաժեշտ է իդեալական խաղ ցուցադրել, անթերի գործել դաշտի միջին հատվածում: Շատ բան կախված է Ռիբերիի եւ Մենեզի խաղից, որոնք պետք է եզրերում մենամարտեն Ինյեստայի եւ Սիլվայի հետ: Եթե ֆրանսիացիները ընդունեն բաց ֆուտբոլի մարտավարությունը, ապա սպասվում է խիստ հետաքրքիր եւ դիտարժան ֆուտբոլ:

Հավանական կազմ

Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Պիկե, Ռամոս, Արբելոա, Ալբա, Ինյեստա, Չավի, Բուսկետս, Ալոնսո, Սիլվա, Ֆաբրեգաս

Ֆրանսիա. Լյորիս, Դեբյուշի, Կոսելնի, Ռամի, Կլիշի, Կաբայ, Մենեզ,   Դիարա, Նասրի, Ռիբերի, Բենզեմա

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հունիսի 23, Դոնեցկ, «Դոնբաս Արենա» ստադիոն
Մրցավար – Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)

Բուքմեքերների կանխատեսումը. միջինացված գործակից
Իսպանիայի հաղթանակ՝ 1,80, ոչ ոքի՝ 3,75, Ֆրանսիայի հաղթանակ՝ 4,90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով