01:35  ,  23 հունիսի, 2012

Եվրո-2008. Գերմանիա - Հունաստան. առանց դեժավյուի. 2004-ը մոռացեք

Վեց գնդակ, արտակարգ գեղեցկության գոլեր, անակնկալ իրավիճակներ, ուսուցողական գրոհներ, 11 մետրանոց հարվածների մենաշնորհ... ահա այսպիսին ստացվեց Գերմանիա – Հունաստան հանդիպումը: Թիմերը գեղեցիկ 90 րոպե պարգեւեցին:

Հասկանալի է, որ այս հանդիպման առումով քչերն էին կասկածում, որ գերմանացիները կարող են դժվարությունների հանդիպել: Այնուամենայնիվ, ուժերը խիստ անհավասար էին: Գերմանացիները մեքենայի ճշտությամբ եւ հզորությամբ առաջ են շարժվում դեպի եզրափակիչ` ունենալով հզոր կազմ, պահեստայինների ոչ պակաս հզոր նստարան, թիմային հղկված խաղ... մի խոսքով, իդեալական վիճակ:

Հույները շատ քիչ բան ունեին: Նույնիսկ, Կարագունիս չունեին, որը ռուսների հետ նախորդ խաղում մրցավարական կոպիտ սխալի զոհ դարձավ եւ երկրորդ դեղին քարտի պատճառով բաց էր թողնում հանդիպումը: Միակ բանը, որը հույներից հնարավոր չէ ոչ մրցավարների, ոչ մրցակցի շնորհիվ խլել, նրանց մարտական ոգին է, կամային հատկանիշները, երբեք չհուսահատվելու բնավորությունը: Այս խաղում դա էր հույների զենքը: Եվ հույները այն փորձեցին կիրառել:

Հանդիպումը սկսվեց կանխատեսելի սցենարով: Գերմանացիների մեքենավար Իոախիմ Լյովը միանգամից երեք փոփոխություն էր կատարել նախորդ խաղերի համեմատ. Գոմեսի, Պոդոլսկու եւ Մյուլերի փոխարեն խաղադաշտ էին մտել Ռոյսը, Շյուրլեն եւ Քլոզեն: Լյովը չդավաճանեց իր սկզբունքներին, համարձակ կատարելով թիմի կազմի ռոտացիա: Հատկապես երիտասարդ Շյուրլեի  եւ Ռոյսի շնորհիվ գերմանացիների եզրային գրոհները արագից վերածվեցին ռեակտիվի: Գերմանացիները առաջին խաղակեսի ամբողջ ընթացքում սեղմել էին հույներին նրանց տուգանային հրապարակում: Հույները խոհեմաբար ամբողջ կազմով պաշտպանական հզոր շարքեր էին ստեղծել: Այլ կերպ հնարավոր չէր:

Նման իրավիճակում միակ հարցն այն էր, թե երբ գերմանացիները գոլի կվերածեն իրենց անթիվ, անհամար սուր պահերը: Առաջին խաղակեսում ամենաակտիվը հենց Շյուրլեն ու Ռոյսն էին, որոնք բզկտում էին հույներին  եւ գոլային պահերի գլխավոր գեներատորներն էին: Իրենց խաղով այս երկուսը կարծես փորձում էին Լյովին ապացուցել, որ ոչ մի բանով չեն զիջում Պոդոլսկուն եւ Մյուլերին: Դա նրանց հաջողվեց: Հույները ստիպված էին ավելի շատ ուժեր տրամադրել այս երկուսին չեզոքացնելու համար, ինչն էլ հնարավորություն տվեց նրանց թիմակիցներին ազատ գոտիներ ստանալ, եւ նման գրոհներից մեկի ժամանակ Ֆիլիպ Լամը գնդակը ստացավ եւ լավ դիրքում հիանալի հարվածով բացեց հաշիվը: Այս գոլում իրենց ներդրումն ունեցան հենց Ռոյսն ու Շյուրլեն` իրենց վրա գրավելով հույն պաշտպաններին:

Երկրորդ խաղակեսը նույն ոճով սկսվեց, միայն թե գերմանացիները հետզհետե թուլացրեցին գրոհների տեմպը, երեւի որոշելով խնայել ուժերը հետագա հանդիպումների համար: Պարզապես վերահսկում էին գնդակը դաշտի կենտրոնում: Եվ երբ նրանք արդեն մտովի իրենց կիսաեզրափակիչում էին զգում, արագ եւ իրենց բնորոշ դասական հակագրոհից հետո համառ հույներից համառագույն Սամարասը հավասարեցրեց հաշիվը: Միգուցե այս գոլը չէր բխում խաղի տրամաբանությունից. ի վերջո, գերմանացիների տարածքային առավելությունը երբեմն հասնում էր 80/20 հարաբերակցության, բայց այս գոլը տրամաբանական էր այն առումով, որ չի կարելի թերագնահատել մրցակցին, որքան էլ նա կարգով ավելի ցածր է, իր կազմում չունի աստղեր եւ վերջապես, սա ֆուտբոլ է:

Գերմանացիները ընդունեցին այս ապտակը եւ միացրեցին իրենց բոլոր շարժիչները: Բոլորովին այլ կարգի ֆուտբոլ տեսանք նրանց կատարմամբ: Այն, ինչը միգուցե նրանք որոշել էին ցույց տալ ավելի լուրջ մրցակիցների հետ խաղերում, բայց համոզվեցին, որ հույները անլուրջ չեն, որ կարող են եւ անակնկալ մատուցել: Եվ գրոհների այն թափը, որը հավաքեց Գերմանիան, հույները ի զորու չէին կասեցնել: Խեդիրան արտակարգ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ` եզրափակելով Բոատենգի ճշգրիտ փոխանցումը: Քլոզեն ցույց տվեց, որ Գոմեսից պակաս ռմբարկու չէ: Եվ վերջապես Մարկո Ռոյսը ցույց տվեց, որ Լյովը իրեն իզուր չէ խաղադաշտ մտցրել: 20 րոպեից էլ պակաս ժամանակ պահանջվեց, որպեսզի գերմանացիները հաշիվը դարձնեն 4:1: Սա է իրական Գերմանիայի հավաքականը եւ նրա իրական ներուժը:

Խաղավերջում հույները վաստակեցին 11 մետրանոց, երկրորդ այս մրցաշարում եւ երկրորդ անգամ էլ իրենց համար: Եթե Լեհաստանի հետ խաղում նրանք չիրացրեցին այդ հարվածը, ապա այս անգամ Սալպինգիդիսը չվրիպեց:

4:2 եւ կարելի է արժանին մատուցել հույներին, որոնք, թեկուզ ամենածանր վիճակում, չեն կորցնում պայքարելու իրենց ունակությունը, եթե պարտվում էլ են, դա արժանապատվորեն են անում: Եվրո-2004-ի հրաշքի կրկնությանը Հունաստանը կսպասի եւս չորս տարի, կամ` մի ամբողջ հավերժություն:

Գերմանիան վստահ դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ նրա մրցակիցը կլինի Անգլիա – Իտալիա հանդիպման հաղթողը:

Մհեր Ղալեչյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով