00:37  ,  23 հունիսի, 2012

Եվրո-2012. Հունաստան GO HOME

Գերմանիայի ազգային հավաքականը դուրս եկավ Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում գերմանացիները 4:2 հաշվով առավելության հասան Հունաստանի հավաքականի նկատմամբ:

Հանդիպման հենց մեկնարկից Յոախիմ Լյովի թիմը շատ ավելի վստահ տեսք ուներ: Առաջին խաղակեսում գերմանացիները տարածքային եւ խաղային լուրջ առավելություն ունեին եւ մի շարք գոլային պահեր ստեղծեցին Միխալիս Սաֆակիսի դարպասի մոտ: Հույների դարպասապահի հիանալի էր գործում, սակայն 39-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լամը գեղեցիկ հարվածով գրավեց հույների դարպասը՝ խփելով առաջին խաղակեսի միակ գնդակը:

Ընդմիջումից հետո Հունաստանի հավաքականն անսպասելիորեն հավասարեցրեց հաշիվը: Դիմիտրիս Սալպինգիդիսի փոխանցումից հետո շոտլանդական «Սելթիկի» հարձակվող Գերորգիոս Սամարասը հավասարեցրեց հաշիվը, սակայն հույների ուրախությունը շատ կարճ տեւեց: Վեց րոպե անց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան գեղեցիկ հարվածով դարձյալ առաջ մղեց գերմանացիներին՝ 2:1: 68-րդ րոպեին իտալական «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոձեն խփեց գերմանացիների երրորդ գնդակը: Գերմանական մեքենան շարունակում էին անդադար գրոհել, ինչի արդյունքում 74-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Մարկո Ռոյսը չորրորդ գնդակն ուղարկեց Հունաստանի հավաքականի դարպասը: Հանդիպման նախավերջին րոպեին Դիմիտրիս Սալպինգիդիսը 11 մետրանոցից խփեց հույների երկրորդ գնդակը, սակայն ավելին անել չհաջողվեց:

Գերմանիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մրցակցից եւ արժանի հաղթանակ տարավ 4:2 հաշվով:

Կիսաեզրափակիչում Յոախիմ Լյովի թիմի մրցակիցը կլինի Անգլիա – Իտալիա զույգի հաղթողը:

Եվրո-2012, քառորդ եզրափակիչ

Գերմանիա – Հունաստան՝ 4:2

Լամ, 39, Խեդիրա, 61, Կլոզե, 68, Ռոյս, 74 – Սամարաս, 55, Սալպինգիդիս, 89 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով