15:26  ,  22 հունիսի, 2012

Եվրո-2012. Գերմանիա - Հունաստան. անոնս

Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչ Գերմանիա – Հունաստան հանդիպումը շատերը համարում են ի սկզբանե ոչ հավասարազոր թիմերի հանդիպում եւ ելքն էլ հայտնի:
Իսկապես, գերմանացիներն այս մրցաշարում առայժմ հզոր մեքենայի տպավորություն է թողնում, որի աշխատանքը շատ ռացիոնալ է օգտագործվում: Եթե պետք է՝ մեքենան թափ է հավաքում, եթե պետք է՝ գցում է տեմպը: Երեք հաղթանակ խմբային փուլում, ամենաբարդ խմբում. եւ երեք հաղթանակն էլ նվազագույն հաշվով, չնայած երեւում էր, որ անհրաժեշտության դեպքում գերմանացիները ցանկացած պահի կարող էին ուժեղացնել ճնշումը: Սակայն նրանք խնայում էին ուժերը, չէին «սպանում» մրցակցին, քանի որ առջեւում դեռ հանդիպումներ կան:

Այս անգամ գերմանական մեքենայի առջեւ կանգնելու է Հունաստանի ընտրանին՝ կամային հատկանիշների առումով, մրցաշարի չեմպիոնը: Ոչ մի թիմ այդքան դժվարություններ, խնդիրներ չի ունեցել այս մրցաշարում, որքան հույները: Բայց նրանք անհավատալի ճիգերի, իրենց համառության շնորհիվ հաղթահարեցին բոլոր արգելքները: Առաջին խաղում վնասվածքի պատճառով կորցրեցին առանցքային պաշտպան Ա. Պապադոպուլոսին, մյուս պաշտպանը`Պապաստապոլուսը անարդարացիորեն դեռ առաջին խաղակեսում հեռացվեց դաշտից, որը թանկ նստեց մրցավարի` Կառլոս Վելասկո Կարբալյոյի վրա, որին տուն ուղարկեցին, բայց ոչ հույների, որոնք 10 խաղացողներով փրկեցին խաղը:

Երկրորդ հանդիպման խաղասկզբում նրանք վնասվածքի պատճառով կորցրեցին դարպասպահ Խալկիասին եւ պարտվեցին: Ռուսների հետ խաղում հույները կարող էին մրցավարական սխալների զոհ դառնալ. նրանց առաջատար Կարագունիսը դեղին քարտ ստացավ, իբրեւ թե սիմուլյացիայի համար, մինչդեռ այդ դրվագում պետք է 11 մետրանոց հարված նշանակվեր: Ու դարձյալ հույները չընկրկեցին ու այդքան անհրաժեշտ հաղթանակը կորզեցին: Պարզապես հիացմունք է առաջացնում հույների այդ մարզական չարությունը, իրենց չխնայելը:
 
Հետաքրքիր վիճակագրություն կա այս թիմերի դիմակայությունում: 8 անգամ հանդիպել են, եւ հույները դեռ ոչ մի հաղթանակ չունեն` 5 պարտություն եւ 3 ոչ-ոքի: Բայց այդ 3 ոչ-ոքին հույները գերմանացիների հետ խաղացել են Եվրոպայի առաջնություններում, այսինքն` Հունաստանի հավաքականը Եվրոյի շրջանակներում դեռ չի պարտվել Գերմանիային:

Գերմանիա

Գերմանիայի հավաքականը մասնագետների կարծիքով, մրցաշարի հաղթողի գլխավոր ֆավորիտն է եւ առայժմ ամենավստահ թիմը, եթե կարելի է այդպես ասել: Լյովը հաղթելու հստակ մեխանիզմ է մշակել, որի բոլոր մասերը անթերի են գործում:
Շատ խոսակցություններ կային Մարիո Գոմեսի հետ կապված, որ նա հավաքականում այնքան էլ հաջող հանդես չի գալիս, եւ ճիշտ կլիներ նրա փոխարեն խաղար Քլոզեն, սակայն Գոմեսը առայժմ քննադատելու մի փոքրիկ անգամ տեղիք չի տալիս: Գերազանց է առայժմ մրցաշարն անցկացնում պաշտպան Հումելսը: Վերջինս ամենաթույլն էր համարվում այս օղակում, մինչդեռ հակառակը դուրս եկավ: Շվայնշտայգերը թիմի դիրիժորն է, եւ առանցքային խաղացողը: Մի խոսքով, կազմի խնդիր Լյովը չունի: Անցած խաղում որակազրկված Բոատենգի փոխարեն խաղադաշտ մտցրեց Բենդերին, եւ վերջինս լավագույներից էր գերմանացիների կազմում:

Հունաստան

Իսկ ահա հույների մոտ շատ լուրջ խնդիրներ կան: Դարպասապահ Խալկիասի, կամ պաշտպան Ա. Պապադոպուլոսի կորուստները դեռ կարելի էր ինչ-որ կերպ փոխհատուցել, իսկ թիմի շարժիչ Կարագունիսի բացակայությունը` ոչ: Մրցավարի սխալի պատճառով Կարագունիսը բաց է թողնում այս հանդիպումը: Վերջինս թիմի համար ավելին է, քան դաշտի կենտրոնում գրոհներ կազմակերպողը կամ պաշտպաններին օգնության եկողը: Կարագունիսը թիմի խթանիչն է, մոտիվատորը, որը ամենադժվար պահերին անգամ չի կորցնում սառնասրտությունն ու մարտական ոգին, առաջ տանում իր թիմին, թիմակիցներին ոգեւորում: 2004թ. Եվրոյում Կարագունիսն այդպես իր թիմին հասցրեց մինչեւ չեմպիոնական բարձունքները: Նրա բացակայությամբ հույները դատապարտված են: 

Հավանական կազմ

Գերմանիա. Նոյեր, Հումելս, Բադշտուբեր, Լամ, Բոատենգ, Հեդիրա, Կրոս, Պոդոլսկի, Մյուլլեր, Օզիլ, Գոմես

Հունաստան. Սիֆակիս, Տորոսիդիս, Կ. Պապադոպուլոս, Պապաստոպուլոս, Ցավելաս, Մանիատիս, Կացուրանիս, Մակոս, Սալպինգիդիս, Գեկաս, Սամարաս

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հունիսի 22, Գդանսկ, «Արենա Գդանսկ» ստադիոն
Մրցավար – Դամիր Սկոմինա (Սլովենիա)

Բուքմեքերների կանխատեսումը. միջինացված գործակից
Խաղի հիմնական ժամանականում Գերմանիայի հաղթանակը գնահատվում է 1.35 գործակցով, իսկ հույներինը՝ 10: Ոչ ոքին ունի 4.5 գործակից:
Գերմանացիների՝ կիսաեզրափակիչ դուրս գալու գործակիցը 1.14 է, իսկ Հունաստանի հավաքականինը՝ 5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով