16:23  ,  20 դեկտեմբերի, 2015

«Բարսելոնան»՝ աշխարհի ակումբային չեմպիոն. Սուարեսի ռեկորդը (ֆոտոշարք)

Կատալոնական «Բարսելոնան» պատմության մեջ երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի ակումբային չեմպիոն:

Ճապոնիայում կայացած աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում Չեմպիոնների լիգայի գավաթակիրը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լիբերտադորեսի Գավաթի հաղթող արգենտինական «Ռիվեր Փլեյթի» նկատմամբ:

Յոկոհամա քաղաքում կայացած խաղի հենց մեկնարկից կատալոնական ակումբն ուներ մեծ առավելություն, բայց հաշիվը բացեց միայն 36-րդ րոպեին, երբ աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: «Ռիվեր Փլեյթը» խաղում էր երկրորդ համարով եւ առաջին խաղակեսում անցկացրեց մի քանի հակագրոհ, սակայն գործն իրական գոլային պահերի չհասավ: Խաղակեսի վերջնամասում իրական գոլային պահ կորցրեց «Բարսելոնայի» ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը, որն ընդմիջումից քիչ անց կրկնապատկեց հաշիվը: Այդ գոլից հետո Լուիս Էնրիկեի թիմի առավելությունը հսկայական էր: Մի քանի րոպեում կատալոնացիներն ունեցան 3 իրական գոլային պահ, բայց 3 դեպքում էլ Լիոնել Մեսին վրիպեց հարմար դիրքից: Հանդիպման մնացած ժամանակահատվածում գրանցվեց դարպասի մեկ գրավում, որն իր անվան դիմաց գրանցեց Սուարեսը՝ 5 գոլով դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու:

Լուիս Սուարեսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը 5 գոլ խփեց աշխարհի մեկ ակումբային առաջնությունում:

Սա «Բարսելոնայի» եւ «Ռիվեր Փլեյթի» միջեւ 5-րդ խաղն էր, իսկ նախորդ անգամ թիմերը հանդիպել էին 48 տարի առաջ:

Մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Ճապոնիայի չեմպիոն «Սանֆրեչե Հիրոսիման»՝ երրորդ տեղի համար խաղում 2:1 հաշվով հաղթելով Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող չինական «Գուանչժոու Էվերգրանդին», որի գլխավոր մարզիչն է բրազիլացի հայտնի մասնագետ Լուիս Ֆելիպե Սկոլարին

Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ

«Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:3

Լիոնել Մեսի, 36, Լուիս Սուարես, 49, 68

Երրորդ տեղի խաղ

«Սանֆրեչե Հիրոսիմա» (Ճապոնիա) - «Գուանչժոու Էվերգրանդ» (Չինաստան)՝ 2:1

Դուգլաս, 70, 83 – Պաուլինյո, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print