16:02  ,  20 դեկտեմբերի, 2015

Պաշտոնական. «Բավարիայում» Խոսեպ Գվարդիոլային կփոխարինի Կարլո Անչելոտին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում այս մրցաշրջանի վերջում Խոսեպ Գվարդիոլային կփոխարիի իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին: Այդ մասին հայտարարել է «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն:

«Շնորհակալ ենք Գվարդիոլային, որը շատ բան է արել ակումբի համար: Հուսով ենք, որ այս մրցաշրջանում դեռ կհասնենք հաջողության միասին: Մենք պայմանագիր ենք կնքել Անչելոտիի հետ, որը եւս մեծագույն մարզիչ է: Անհամբերությամբ ենք սպասում նրա հետ աշխատանքին»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոնի հետ Գվարդիոլայի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Նա 2013-ից է գլխավորում «Բավարիան», որը նրա ղեկավարությամբ երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը։ Բրիտանական մամուլի համաձայն՝ իսպանացի մասնագետը գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»:

«Բավարիայի» հետ Անչելոտիի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2016-ի հուլիսի 1-ից եւ նախատեսված կլինի 3 տարով: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 15 միլիոն եվրո: 56-ամյա մարզիչի նախորդ ակումբը եղել է Մադրիդի «Ռեալը», որը նա գլխավորել է 2013-2015-ը, իսկ այս մրցաշրջանում գործազուրկ էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print