01:23  ,  22 հունիսի, 2012

Եվրո-2012. Ռոնալդու vs Չեխ

Ընդամենը 11 րոպե չբավականացրեց Չեխիայի հավաքականին, որպեսզի անակնկալի հեղինակ դառնա: Չստացվեց: Որքան էլ այսօր չեխերը համառություն դրսեւորեցին, պորտուգալացիների առաջատար Ռոնալդուն ավելի համառ գտնվեց:

Հանդիպումից առաջ մասնագետների կարծիքը նույնն էր. խաղի ֆավորիտը Պորտուգալիան է եւ նա պարտավոր է հաղթահարել Չեխիայի արգելքը: Այս տեսակետի օգտին էր խոսում ոչ միայն Պորտուգալիայի կազմում ավելի մեծ թվով բարձրակարգ ֆուտբոլիստների առկայությունը, այլ նաեւ թիմերի մրցելույթներն այս մրցաշարում: Չեխիայի հավաքականը չափազանց անհաջող մեկնարից հետո կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ մնացած երկու խաղերում երկու հաղթանակ տանել եւ մրցաշարի ամենաթույլ խմբում առաջին տեղը գրավել` ընթացքում վնասվածքի պատճառով կորցնելով առաջատարին` Ռոսիցկուն:

Իսկ ահա Պորտուգալիայի հավաքականը գրավեց 2-րդ տեղը ամենաբարդ խմբում, բավական տպավորիչ խաղ ցուցադրելոց թե Գերմանիայի, թե առավել եւս Հոլանդիայի հետ հանդիպումներում: Վերջինիս հետ խաղում վերջապես իր խոսքն ասաց Կրիշտիանու Ռոնալդուն, որը եւ գոլերի հեղինակ դարձավ եւ բզկտեց հոլանդացիների պաշտպանությունը: Եվ պատահական չէր, որ չեխերի հետ խաղում նորից բոլորի ուշադրության կենտրոնում Ռոնալդուն էր:

Չեխերը, ինչպես եւ անցած երեք հանդիպումներում, նորից շատ ակտիվ սկսեցին խաղը, եւ նույնիսկ տարածքային առավելություն ունեին, կարողանում էին վերահսկել դաշտի կենտրոնը, անընդհատ եզրերով փորձում էին սպառնալ պորտուգալացիներին եւ ընդհանրապես, բավական վստահ էին գործում: Առաջին խաղակեսում չեխերի թելադրած խաղի արդյունքում պորտուգալացիներին դժվարությամբ էր հաջողվում արագ գրոհներ կազմակերպել, կամ ազատ տեղաշարժվել. չեխերն ամենուրեք հասցնում էին փակել նրանց առաջխաղացման ուղիները: Եվ չնայած առաջին խաղակեսի վերջին րոպեին պորտուգալացիներին հաջողվեց վտանգավոր գրոհ կազմակերպել, երբ Ռոնալդուի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, բայց մեծ հաշվով, խաղադաշտում հավասար մրցակցություն էր ընթանում:

Իսկ ահա երկրորդ խաղակեսում ամեն ինչ իր տեղն ընկավ: Չեխերը ֆիզիկապես արդեն մի փոքր թուլացան, այլեւս նույն պրեսինգը դաշտով մեկ չէին կարողանում իրականացնել, հայտնվեցին ազատ գոտիներ եւ պորտուգալացիները գործի անցան` պաշարելով չեխերի տուգանային հրապարակը: Խաղի որոշ հատվածներում չեխերն ընդհանրապես չէին կարողանում անցնել դաշտի միջին գիծը: Պորտուգալացիների վտանգավոր գրոհները հաջորդում էին մեկը մյուսին: Ըստ էության, երկրորդ խաղակեսը վերածվեց Ռոնալդու – Պետեր Չեխ դիմակայության: Ռոնալդուն, ինչպես երեւում է, արդեն կարողանում է եւ թիմի համար խաղալ, եւ անհրաժեշտության դեպքում խաղն իր վրա վերցնել: Բազմաթիվ գոլային պահեր եղան Ռոնալդուի մասնակցությամբ: Մի քանի դեպքերում փայլուն խաղաց Չեխը, իսկ երբ նա անզոր էր, դարպասաձողն էր օգնության գալիս:

Չեխերը դիմադրում էին, իրենց չէին խնայում, չի կարելի ասել, թե խուճապահար էին, պարզապես գիտակցաբար մեծ ուժերով պաշտպանվում էին, հասկանալով, որ մեծ ուժերով գրոհելու ռեսուրսները քիչ են:

Եվ այնուամենայնիվ, Ռոնալդուն իր խոսքն ասաց: Հերթական եզրային փոխանցումից հետո նա գլխի հրաշալի հարվածով գրավեց Չեխի պաշտպանած դարպասը:  Եթե Չեխին այսօր որեւէ մեկը գերազանցեր, ապա դա կարող էր լինել միայն Ռոնալդուն: Պորտուգալացիները դժվար, բայց արժանի հաղթանակ տարան` 1:0: Պետք է նաեւ արժանին մատուցել չեխերին, որոնք բավական հեռանկարային թիմ են երեւում եւ Հայաստանի հավաքականի համար շատ դժվար մրցակից աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:

Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը դարձավ կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը եւ այժմ կսպասի մրցակցին` որը հայտնի կդառնա Իսպանիա – Ֆրանսիա խաղից հետո:

Մհեր Ղալեչյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով