00:37  ,  22 հունիսի, 2012

Եվրո-2012. Ռոնալդուն պորտուգալացիներին դուրս բերեց կիսաեզրափակիչ

Պորտուգալիայի ազգային հավաքականը դարձավ Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը:

Վարշավայի Ազգային ստադիոնում կայացած քառորդ եզրափակիչում պորտուգալացիները նվազագույն հաշվով առավելության հասան Չեխիայի հավաքականի նկատմամբ:

Հանդիպման սկզբնամասում չեխերը ցույց տվեց, որ ամենեւին էլ չեն պատրաստվում խաղալ երկրորդ համարով: Միխալ Բելեկի թիմը շատ վստահ սկսեց խաղը, սակայն առաջին խաղակեսում պորտուգալացիների դարպասի մոտ իրական գոլային պահեր չեղան: Պորտուգալացիներն աստիճանաբար սկսեցին ավելի վտանգավոր գործել: 40-րդ րոպեին վնասվածք ստացավ Պորտուգալիայի հավաքականի հիմնական հարձակվող Հելդեր Պոշտիգան, ում փոխարինեց թուրքական «Բեշիկթաշի» հարձակվող Ուգո Ալմեյդան: Առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահը 45-րդ րոպեին ունեցավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն պորտուգալացու հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին պորտուգալացիները: Ուգո Ալմեյդայի հարվածը շեղ ստացվեց, իսկ Ռոնալդուի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը դարձյալ դիպավ հորիզոնական դարպասաձողին: Երկու դեպքում էլ Պաուլու Բենտուի թիմը շատ մոտ էր հաջողությանը: Պորտուգալացիները շարունակում էին մեծ ճնշում գործադրել՝ ստեղծելով մի շարք գոլային պահեր Պետեր Չեխի դարպասի մոտ: 58-րդ րոպեին Ուգո Ալմեյդան գրավեց չեխերի դարպասը, սակայն մրցվարները խաղից դուրս վիճակ գրանցեցին պորտուգալացի հարձակվողի մոտ: Հանդիպման մնացած ժամանակահատվածում Պորտուգալիայի հավաքականն ուներ խաղային մեծ առավելություն, ինչը գոլի վերածեց խաղի 79-րդ րոպեին: Ժոաո Մոուտինյոյի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գլխի հարվածով գրավեց չեխերի դարպասն՝ առաջ մղելով պորտուգալացիներին: Մարդիդի «Ռեալի» հարձակվողն իր երրորդ գնդակը խփեց Եվրո-2012-ում՝ հավասարվելով մրցաշարի լավագույն ռմբարկուներ՝ գերմանացի Մարիո Գոմեսին, ռուս Ալան Ձագոեւին եւ խորվաթ Մարիո Մանձյուկիչին: Այս գոլից հետո չեխերը չկարողացան վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ եւ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով:

Կիսաեզրափակիչում Պաուլու Բենտուի թիմի մրցակիցը կլինի Իսպանիա – Ֆրանսիա զույգի հաղթողը:

Եվրո-2012. 1/4 եզրափակիչ

Չեխիա – Պորտուգալիա՝ 0:1

Ռոնալդու, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով