16:41  ,  24 նոյեմբերի, 2015

Էլինա Դանիելյան. Սխալ են հասկացել բոլորը, ամուսնության առաջարկ չի եղել

Սիրելիս ինձ յուրահատուկ ձեւով դիմավորեց օդանավակայանում, որպեսզի այդպիսով մի փոքր բարձրացնի տրամադրությունս Եվրոպայի առաջնությունում վատ խաղից հետո: Ամուսնության առաջարկ չի եղել երեկ օդանավակայանում, քանի որ այդ հարցն արդեն վաղուց որոշված է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը, ով այս գիշեր Հայաստանի կանանց եւ տղամարդկանց թիմերի հետ վերադարձավ Իսլանդիայում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունից:

«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի թիմերին դիմավորելու էին եկել միայն հարազատներն ու բարեկամները: Դիմավորողներից  աչքի ընկավ գրոսմայստեր Էլինա Դանիելյանի փեսացուն, ով յուրահատուկ ձեւով՝ ծնկի իջած դիմավորեց իր սիրելիին:

Ներկաներից շատերը կարծեցին, որ դա պատահականություն չէր, այլ Էլինա Դանիելյանի փեսացուն այդկերպ ամուսնության առաջարկություն արեց իր սիրելիին եւ ամուսնության մատանի նվիրեց:

Հայաստանի առաջատար շախմատիստուհին հերքեց շրջանառվող լուրերը եւ նշեց, որ իրենց ամուսնանալու հարցը վաղուց որոշված է:

«Դա ամուսնության առաջարկ չէր, դա ուղղակի յուրահատուկ ձեւ էր, ժեստ էր, որից ես շատ ուրախացա: Փեսացուս այդպես յուրահատուկ ինձ դիմավորեց, որպեսզի մի փոքր բարձրացնի իմ վատ տրամադրությունը Եվրոպայի առաջնությունում վատ խաղիցս հետո: Իրականում երբ ես անհաջող եմ խաղում, շատ եմ նեղվում, տրամադրությունս ընկնում է: Եվ նա գիտի ու փորձեց այդպես բարձրացնել իմ տրամադրությունը: Իսկ ամուսնության առաջարկ չի եղել: Սխալ են հասկացել բոլորը: Քանի որ մեր ամուսնության հարցը վաղուղ որոշված է»,- ասաց Էլինա Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի թիմային առաջնությունում կանանց Հայաստանի հավաքականը առաջնությունն ավարտեց 10 միավորով՝ զբաղեցնելով 11-րդ տեղը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով