15:46  ,  12 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Ճանապարհ դեպի անդունդ (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական. բոլորովին վերջերս այս անվանումը բոլորիս հպարտության առիթն էր, իսկ այսօր...

Ավարտվեց Եվրո-2016-ի ընտրական մրցաշարը, որում Հայաստանի հավաքականը միայն հիասթափեցրեց: Ընտրական 8 խաղ առանց հաղթանակի, ընդամենը 2 միավոր եւ I խմբի (Պորտուգալիա, Ալբանիա, Դանիա, Սերբիա, Հայաստան) վերջին տեղ:

Ընտրական մրցաշարը սկսել էինք «Ճանապարհ դեպի Ֆրանսիա» (այդ երկրում է անցկացվելու Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարը) կարգախոսով, որը շատ հուսադրող էր: Սակայն մի քանի ընտրական խաղերից հետո հասկանալի դարձավ, որ այդ ճանապարհը տանում է ոչ թե Ֆրանսիա, այլ՝ դեպի անդունդ:

Եթե Դանիայի եւ Սերբիայի դեմ մեկնարկային հանդիպումներում Հայաստանի հավաքականը մոտ էր հաղթանակին եւ ձախողվեց վերջնամասում, ապա պորտուգալացիների դեմ երրորդ տուրի խաղում հայկական թիմը ցուցադրեց վախկոտ ֆուտբոլ: Շատերը Հայաստանի հավաքականի անհաջող ելույթները շտապեցին բարդել թիմի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի վրա, որն առաջին անգամ էր աշխատանքի անցնում ազգային թիմում եւ փոխեց տակտիկան՝ անցնելով 5 պաշտպաններով սխեմային: Երեւի, շվեյցարացի մասնագետն էր մեղավոր, որ Յուրա Մովսիսյանը խաղում էր հնարավորությունների 20-30 տոկոսով կամ որ Արաս Օզբիլիսը վերականգնվում էր վիրահատությունից եւ չէր կարող դուրս գալ խաղադաշտ: Կամ Շալանդն էր մեղավոր, որ Գեւորգ Ղազարյանը «մաշեցնում» էր հունական «Օլիմպիակոսի» պահեստայինների նստարանը եւ հավաքականին միանում էր առանց խաղային պրակտիկայի, ինչպես մի քանի այլ փորձառու ֆուտբոլիստներ: Շվեյցարացի մասնագետին կարելի էր մեղադրել միայն նրանում, որ նա շարունակում էր խաղացնել փորձառու, բայց ոչ տպավորիչ խաղ ցուցադրող խաղացողներին:

Այս ընտրական փուլի լավագույն հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացրեց Սերբերի դեմ երեւանյան մրցավեճում, որին չէին մասնակցում Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը, Գեւորգ Ղազարյանը եւ Հենրիխ Մխիթարյանը: Սակայն դրանից հետո էլ Շալանդը վախեցավ փոփոխություններից ու թիմին նոր շունչ հաղորդելուց, իսկ Ալբանիայից կրած պարտությունից հետո հեռացվեց:

Դրանից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար նշանակվեց Սարգիս Հովսեփյանը, որը մարզչական մեծ փորձ չուներ եւ գլխավորել ու աշխատում էր միայն «Փյունիկում»: Հովսեփյանի նորամուտի խաղում Հայաստանի թիմը Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի պատճառով Երեւանում պարտվեց պորտուգալացիներին՝ 2:3:

Հաջորդը սերբերի դեմ արտագնա խաղն էր, որը եւս շատ հիասթափեցրեց: Դանիայի դեմ երեւանյան ոչ ոքիից (0:0) հետո Սարգիս Հովսեփյանը հայտարարեց, որ արդեն իրեն տեսնում է հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

3 խաղ, 2 պարտություն եւ մեկ ոչ ոքի, որից առաջ մարզիչը խոստանում էր, որ դանիացիների դեմ խաղալու ենք միայն հաղթանակի համար, եւ երիտասարդ մասնագետն իրեն տեսնում է այդ պատասխանատու պաշտոնում: Հետաքրքիր է՝ ինչ կհայտարարեր Հովսեփյանը, եթե Հայաստանի թիմը հաղթեր ֆրանսիացիներին կամ ալբանացիներին: Հայաստանի հավաքականի նախկին ավագի խոսքով՝ ազգային թիմը գլխավորելը ցանկացած մարզիչի երազանքն է:

Հայաստանի հավաքականի այս ոսկե սերունդը չի օգտագործի իր ներուժը, եթե չլինի թիմի ամբիցիաներին համապատասխանող մարզիչ: Ազգային թիմը փորձարկումների, առավել եւս՝ երազանքների իրականացման տեղ չէ:

Ալբանիայի դեմ վերջին տուրի խաղը բնութագրեց մեր անցած անարդյունք ուղին այս ընտրական փուլում: Այդ հանդիպմանն անդրադառնալը, երեւի, ավելորդ է, եւ լավագույն բնորոշումը խաղի ընթացքում Երեւանի «Հանրապետական» ստադիոնի տրիբունաներից լսվող «ամոթ, ամոթ» վանկարկումներն էին: Գուցե այդպես չլիներ, եթե խաղից առաջ մարզիչն իր թիմին մոտիվացնելու փոխարեն չասեր, որ չի կարելի այս հանդիպումը որակել «պատվի համար»: Ավելին՝ թիմին հանդերձարանից խաղադաշտ ուղեկցելիս էլ պետք էր հիշեցնել, որ այս հանդիպումն ավելին է, քան «պատվի համար», եւ այդ դեպքում նրանք սեփական երկրպագուների առջեւ 0:3 հաշվով դժվար թե պարտվեին Ալբանիայի հավաքականին, որն առանձնահատուկ ոչնչով աչքի չընկավ, բայց պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր՝ առաջին հերթին թիմային ոգու եւ գերմոտիվացիայի շնորհիվ:

Որտե՞ղ է այն հավաքականը, որը երկրպագուներին ստիպում էր գնալ ստադիոն եւ ցնծության պահեր վայելել հենց տրիբունայից: Հայկական թիմը չի հաղթել նախորդ 13 խաղերում եւ, անկեղծ ասած, չի էլ երեւում, թե ինչի հաշվին է անելու դա: Այս ամենն արդեն անդրադառնում է թիմի ամենահավատարիմ երկրպագուների զգացմունքների վրա: Հայ ֆուտբոլասերն ապրում է Հայաստանի հավաքականով, բայց արդեն սկսում է հրաժարվել այն հավատից, որ հաղթանակները վերադառնալու են: 

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով