22:32  ,  11 հոկտեմբերի, 2015

Սարգիս Հովսեփյան. Անթասիբ խաղ էր, վատ աշխատեցինք

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Եվրո-2016-ի ընտրական հանդիպման հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Ալբանիայից կրած տնային պարտությունը:

«Չեմ ցանկանում երկարացնել եւ միայն կարճ հայտարարություն կանեմ: Կարծում եմ՝ այստեղ չի կարող լինել հարցերի պատասխան, քանի որ այնքան վատ էր ամեն բան: Դրա մեղավորը ես եմ, բայց սա ֆուտբոլ է: Այսօր խաղադաշտում տեսա միայն մեկ թիմ, եւ դա Ալբանիայի հավաքականն էր: Ոչ մի լավ բան չտեսա, մենք բոլորս այսօր շատ վատ էինք ու անթասիբ ֆուտբոլ խաղացինք: Իհարկե, այսպիսի խաղերից հետո շատ բարդ է մարզիչի համար, որովհետեւ հասկանում եմ, որ ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է: Այսքանը, ավելացնելու ոչինչ չունեմ: Ամեն ինչ շատ վատ էր: Երեւի, մենք շատ վատ աշխատեցինք, բայց ինչքան որ ցանկություն եւ հնարավորություն կար օգնել հավաքականին, փորձում էի օգնել: Ցավոք, չկարողացա: Եղան նաեւ լավ հանդիպումներ, բայց այս վերջին խաղը ջնջեց ամեն ինչ: Նորից եմ ասում՝ մեղավորը ես եմ»,- ասաց մարզիչը, որն ավարտեց խոսքը եւ հեռացավ ասուլիսների սրահից:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում ալբանացիները հաղթեցին 3:0 հաշվով եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Եվրոպայի առաջնության ուղեգիր: Խաղի ընթացքում տրիբունաներից լսվում էին Հովսեփյան հեռացիր վանկարկումներ, իսկ վերջնամասում հայ երկրպագուները նաեւ ցուցադրեցին «Պահանջում ենք մարզիչ» գրությամբ պաստառ:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով