22:22  ,  11 հոկտեմբերի, 2015

Ջանի Դի Բիազի. 3:0 հաշվից թող չթվա, որ հեշտ խաղ էր մեզ համար

Ֆուտբոլի Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դի Բիազին հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Հայաստանի նկատմամբ արտագնա հաղթանակը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղում:

«Երեկ խոսել էի Ֆրանսիա մեկնելու մասին, իսկ այսօր լուծեցինք այդ խնդիրը: Սա շատ կարեւոր նվաճում է Ալբանիայի եւ Հայաստանի պես երկրների համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային շնորհավորում եմ լավ թիմ ունենալու կապակցությամբ: Այս խաղն առանձնահատուկ էր ինձ համար: Ես հաջողության էի հասել նաեւ «Տորինոյում», բայց հավաքականների մակարդակով հաջողությունը շատ ավելի կարեւոր էր: 3:0 հաշվից թող չթվա, որ հեշտ խաղ էր մեզ համար: Շատ բարդ հանդիպում էր, բայց հասանք մեր նպատակին»,- ասաց իտալացի մասնագետը, որին հայ լրագրողները ծափերով ընդունեցին ասուլիսների սրահում:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում ալբանացիներն առավելության հասան 3:0 հաշվով եւ, 14 միավորով ընտրական I խմբում գրավելով երկրորդ տեղը, պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Եվրոպայի առաջնության ուղեգիր:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով