16:44  ,  25 սեպտեմբերի, 2015

Յուրա Մովսիսյան. Ինձ չսիրողները չեն փոխվի, իսկ աջակցողները կմնան ինձ հետ

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը եղել է ռուսական «ՆՏՎ Պլյուս» հեռուստաընկերության «Մեր ֆուտբոլը» ալիքի «Արտագնա մոդել» հաղորդման հյուրը:

«Ամերիկյան, դանիական, ռուսական խաղաոճերն օգնել են ինձ դառնալ այն, ինչ հիմա եմ: ԱՄՆ-ում ես ստացա արագություն, Դանիայում՝ համբերություն, դժվար պայմաններում խաղալու որակներ, իսկ Ռուսաստանում կատարելագործեցի ռմբարկուական որակներս:

«Սպարտակի» ֆանատները լավագույնն են Ռուսաստանում: Նրանք նաեւ ամենապահանջկոտն են: Մարդիկ ապրում են թիմի նվաճումներով եւ հոգսերով: Անցած մրցաշրջանում խաղադաշտում աշխատում էի, այս տարի վայելում եմ խաղը, մթնոլորտը:

Շատերը քննադատում են ինձ, ասում են, թե ավարտել եմ ֆուտբոլը, բայց ես ուշադրություն չեմ դարձնում: Ինձ չսիրողները չեն փոխվի, իսկ աջակցողները կմնան ինձ հետ: Ես խաղում եմ նրանց համար եւ ցանկանում եմ նրանց երջանկություն պարգեւել: Ես դեռ շատ գոլեր կխփեմ»,- ասել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողը վերսկսել է մարզումները Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի «Սպարտակ» - «Զենիթ» հանդիպումից առաջ: Սեպտեմբերի 26-ին կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում