15:11  ,  18 հունիսի, 2012

Հայաստանում է այկիդոյի սեւ գոտի, 7-րդ դան, ճապոնացի Շիգերու Սուգավարան (ֆոտո)

Հաճելի կլինի, եթե այկիդոն էլ պետական աջակցություն ստանա, բայց այս պահին կարծում եմ, Հայաստանում առաջնային տեղում օլիմպիական մարզաձեւերն են. թող դրանք զարգացնեն եւ ֆինանսավորեն: Այս մասին այսօր`հունիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում (ֆոտոռեպորտաժ) հայտնեց այկիդո այկիկայի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը:

Այս օրերին Հայաստանում է այկիդո այկիկայի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, այկիդոյի սեւ գոտի, 7-րդ դան,  ճապոնացի Շիգերու Սուգավարան: Այցելության առիթը` հունիսի  20-ին «Միկա» մարզահամալիրում կայանալիք Այկիդոյի միջազգային երկրորդ փառատոնն է:

Ինչպես տեղեկացրեց Ա. Ավտետիսյանը,  սա արդեն սենսեյի երկրորդ այցելությունն է Հայաստան:

«Կայանալիք փառատոնը մեզ համար կարեւոր իրադարձություն է այնքանով, որ սա մեր արված աշխատանքի վերջնական արդյունքն է: Ֆեդերացիայի համար ամենակարեւոր ձեռքբերումը այն է, որ  Այկիկայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից Հայաստանի ֆեդերացիան ընդունվեց: Դրա ապացույցը սենսեյի այցելությունն է Հայաստան: Շիգերու Սուգավարան այստեղ բացի փառատոնին մասնակցելուց կանցկացնի նաեւ սեմինար-պարապմունքներ, ինչպես նաեւ կընդունի սեւ գոտու քննություններ: Մինչ այս, որպեսզի կարողանայինք վարպետների մոտ մարզվել, ստիպված դուրս էիք գալիս հանրապետությունից: Այս ամենը շատ թանկ հաճույքներն էին եւ ոչ բոլորին էին տրվում այդ ծախսերը հոգալու հնարավորություն: Հայաստանի այկիկայի ֆեդերացիան հասավ այն արդյունքների, որ համաշխարհային ֆեդերացիան ընդունեց մեր աշխատանքն ու կատարած գործը:

Այկիդոյի սեմինար սենսեյի գլխավորությամբ անցկավում է երկրորդ անգամ: Առաջին անգամ այն կազմակերպվեց միայն այս մարտարվեստով զբաղվողների համար: Սակայն հասկացանք, որ սենսեյի մակարդակի վարպետին տեսնելու, իր հետ մարզվելու համար մարդիկ օվկիանոս են կտրում անցնում, որոշեցինք սեմինարին ընդգրկել բոլոր ցանկացողներին եւ զբաղվողնեին:

Բացի սեմինարից նախատեսել ենք նաեւ քննություններ: Նախկինում քննություն հանձնելու համար պարտավոր էինք գնալ դուրս եւ հանձնել սեւ գոտու քննություն: Այս հարցին էլ լուծում տվեցինք: Այս տարի սենսեյը Հայաստանում անցկացնելու է որակավորման ատեստացիա եւ ընդունելու է առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ դանի վարպետության քննություններ:

Սենսեյի այցելությունը կամփոփվի այկիդոյի երկրորդ միաջզգային փառատոնով: Քանի որ մեր գործն է պրոպագանդել այկիդոն, մարդկանց ցույց տալ մարդասիրական մեծ տարածում ունեցող այս լուրջ մարտարվեստը` կազմակերպում ենք փառատոն, որի ժամանակ ցուցադրական ելույթներով հանդես կգան ոչ միայն Հայաստանի այկիդոյի ֆեդերացիայի սաները, այլ նաեւ Վրաստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի մի շարք ֆեդերացիայի ներկայացուցիչներ:  Շատերին է հուզում, թե հայկական այկիդոն աշխարհում ինչ որակ ունի. սա իսկական առիթն է համեմատել այլ երկրների հետ հայկական այկիդոն»,- ներկայացրեց Ա. Ավետիսյանը:

Միջազգային այկիդո այկիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, այկիդոյի սեւ գոտի, 7-րդ դան,  ճապոնացի Շիգերու Սուգավարան հայկական այկիդոն համարում է նույնքան զարգացող, որքան ամբողջ աշխարհում:

«Արդեն երկրորդ անգամ եմ այցելում ձեր երկիր: Հայաստանի մասին Ճապոնիայում գրեթե չգիտեն: Մենք ենք փորձում ներկայացնել ճապոնացիներին ձեր պայծառ  եւ լավ երկիրը: Ուրախ եմ, որ երկրորդ անգամ հնարավորություն եմ ունենում ներկա լինելու այկիդոյի հայկական փառատոնին, վարպետության դասեր կանցկացնեմ: Այս մարտարվեստը ամբողջ աշխարհում զարգանում է եւ Հայաստանն էլ աշխարհից հետ չի մնում»,- ասաց սենսեյը, ապա այկիդոյում պաշտպանվելու իր տարբեարկը կես կատակ կես լուրջ ներկայացրեց. «Եթե ինձ վրա հարձակվեն` բնականաբար, կփախչեմ»:

Կրասնոդարի այկիկայի ֆեդերացիայի ներկայացուցիչ, սեւ գոտի, 4-րդ դան Եվգենի Պրոցենկան անհամբեր սպասում է փառատոնի ցուցադրական ելույթներին:

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում: Մենք`Հայաստանն ուԿրասնոդարը, ստացվում է, ապրում ենք շատ մոտ: Հայկական այկիդոյի հետ ծանոթացել եմ անցյալ տարի` Ռուսաստանում կայանալիք միջազգային մրցաշարի ժամանակ: Որոշ ժամանակ անց իմ ընկերների միջոցով ավելի մանրամասն հետաքրքրվեցի Հայաստանի մասին, հետո իմացա, որ այստեղ էլ այս մարտարվեստով զբաղվողներ եւ սիրողներ շատ կան: Իսկ երբ տեղեկացա սենսեյի այցելության մասին, որոշեցի որ սա լավագույն առիթն է մոտիկից ծանոթանալ Հայաստանի այկիդոյին եւ մարտարվեստի հայ սիրահարների հետ»,- շեշտեց Ե. Պրոցենկան:

Վրաստանի այկիկայ ֆեդերացիայի անդամ Սիմոն Դարաքվիլիձին էլ գտնում է, որ այկիդոն կապել է Հայաստանին եւ Վրաստանին:

«Հայերի հետ վաղուց ենք ընկերներ: Մեզ կապում է այկիդոն: Երբ Արմենն ասաց, որ Հայաստան է գալիս Սենսեյը, մենք մեծ սիրով այցելեցինք Հայաստան: Նման կարգի վարպետ հրավիրել Հայաստան մեծ պատիվ է, եւ ձեր երկրի համար` մեծ հնարավորություն այս մարզաձեւը զարգացնելու համար: Ես այստեղ տեսնում եմ պետության կողմից ավելի մեծ հնարավորություն եւ ուշադրություն այկիդոյի հանդեպ, քան Վրաստանում: Հաճելի է, որ նման միջոցառումներ են կազմակերպվում»,- նկատեց Ս. Դարաքվիլիձին:

Այկիդո այկիկայ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը վերջում հավելեց, որ փառատոնը միայն ցուցադրական ելույթներով է պայմանավորված լինելու.

«Փառատոնի խնդիրն է` ցույց տալ այս մարտարվեստով զբաղվող հայ մարզիկների վարպետության աստիճանը: Փառատոններում միայն ցուցադրական ելույթներ են: Այկիդոն միակ մաքուր մարտարվեստն է, որ սպորտ չի դարձել   եւ նրանում չկա ուժեղի ու թույլի պայքար: Այկիդոյում ամենակարեւորը հոգեւոր հանգստություն է, բնության ընկալումը: Այկիդոն ուսումնասիրում է բնության օրենքները: Իսկ բնությունը ներդաշնակությունն է, ինչը այս մարտարվեստի ամենակարեւոր պայմանն է: Տեխնիկան` ագրեսորին ոչ թե վնաս տալն է, այլ ագրեսորի միջից ագրեսիան հանելն է»:

Հարցին, պետական աջակցություն ունեն, թե ոչ, Ա. Ավետիսյանը ասաց.

«Պետական աջակցություն չունենք, բայց դրանից չենք անհանգստանում: Այսօր Հայաստանում առաջնային դերում են օլիմպիական մարզաձեւերը: Ֆեդերացիան ստեղծվել է 2005 թվականին, ունենք այկիդոյով զբաղվող 150 մարտիկ եւ երեք մարզիչ: Սեւ գոտիների քանակն ընդամենը երեքն են: Հուսանք սենսեյի անցկացրած քննություններից հետո դրանց թիվը կդառնա 15-ը: Միայն ունենք դահլիճների խնդիր: Չկա մի տեղ, որտեղ կենտրոնացնենք մեր մարզումները»:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում