14:42  ,  18 հունիսի, 2012

Եվրո-2012. Իտալիա - Իռլանդիա. անոնս

Սա այն հանդիպումներից է, որտեղ ֆուտբոլիստները նույնքան ուշադրություն են դարձնելու ոչ միայն այս խաղին, այլ նաեւ զուգահեռ Իսպանիա – Խորվաթիա հանդիպմանը:

Խմբի երկրորդ տուրի հանդիպումներից հետո անբողջ Իտալիային իսկական դեժավյու է համակել: Իրավիճակը մեկը մեկին համապատասխանում է ութ տարի առաջ Եվրո-2008-ում տեղի ունեցած իրադարձություններին: Խմբում իտալացիների 2 միավորը, Դանիայի եւ Շվեդիայի 4-ական միավորը, 2:2 հաշիվը, որը վերջին խաղում ձեռնտու էր սկանդինավյան հավաքականներին:

Բայց մյուս կողմից, ոչ Իսպանիան է Շվեդիա, ոչ էլ Խորվաթիան` Դանիա: Բացի այդ, իսպանացիները ազգակցական ոչ մի կապ չունեն խորվաթների հետ: Ավելին, Խորվաթիան մի քանի տարի առաջ արդեն ցույց է տվել, որ հանդիպումները չի վերածում կարեւորների եւ շարքայինների, երբ 2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում իր համար ոչինչ չորոշող խաղում, դրսում հաղթեց Անգլիային` 3:2, եւ Ռուսաստանին ուղեգիր պարգեւեց: Այնպես որ, իտալացիները ավելի լավ է կենտրոնանան  իռլանդացիների հետ խաղի վրա: Նրանք դեռ պետք է հաղթեն Իռլանդիային եւ նոր հայացք գցեն զուգահեռ խաղին:

Բազմիցս ենք նշել, որ Իռլանդիան, որքան էլ կարգով ցածր լինի, աչքի է ընկնում իր համառությամբ, կամային բարձր հատկանիշներով, սեփական արժանապատվության մեծ գիտակցումով: Նրանք արդեն դուրս են մնացել հետագա պայքարից` պարտվելով խորվաթներին ու իսպանացիներին: Բայց վերջին խաղում նրանք նորից խաղադաշտ դուրս կգան ոչ թե գնդակ գլորելու, այլ հաղթանակի նշանաբանով: Թեկուզ մրցակիցը Իտալիան է: Իտալացիների հետ իռլանդացիները այնքան էլ վատ հանդես չեն գալիս:

Պաշտոնական 6 հանդիպումներում 1 հաղթանակ, երկու ոչ-ոքի եւ 3 պարտություն: Նորմալ է:

Իտալացիներն իրենց հիանալի դրսեւորեցին առաջին խաղում` ոչ-ոքի կորզելով Իսպանիայից: Իտալացիները ցույց տվեցին հասուն, տեխնիկական եւ կոմբինացիոն գրագետ ֆուտբոլ` իրենց լավագույն տարիների ոգով: Խորվաթների հետ էլ վատ հանդես չեկան, այդ ընթացքը ցույց տվեց, նախ, խաղավերջում իտալացիները մի փոքր տեղի տվեցին ֆիզիկապես, եւ հետո, նրանց համար ավելի դժվար է արդյունավետ գործել, երբ մրցակիցը գործում է կոմպակտ, պաշտպանությունում խիտ, անընդհատ պրեսինգի է դիմում: Ավելի դժվար է առաջին համարով խաղալ:

Այսօր էլ, իռլանդացիների հետ խաղում Իտալիան կխաղա առաջին համարով եւ հենց սկզբից կտիրի նախաձեռնությաննը: Նման ֆուտբոլը իտալացիներին այնքան էլ բնորոշ չէ, եւ իռլանդացիների էշելոնացված պաշտպանության դեպքում կարող են խնդիրներ ունենալ:

Իտալիա 

Արդեն ասացինք. յոթ երգ գիտեն, յոթն էլ` Իսպանիա – Խորվաթիա հանդիպման ելքի մասին: Սա, ի դեպ, կարող է իտալացիների գլխին չար կատակ խաղալ, եթե ուշադրությունը անընդհատ դեպի մյուս հանդիպումը լինի: Ձեռքներին հնար լիներ, ռադիոփլեյերներով խաղադաշտ կմտնենին, որ բաց չթողնեն Իսպանիա – Խորվաթիա հանդիպման ընթացքը:

Չեզարե Պրանդելի. «Մենք պետք է հավատանք: Քանի դեռ ֆուտբոլ ենք խաղում, լավ թիմ ենք լինում: Բայց հենց հաշվի վրա ենք խաղում, վախը համակում է մեզ: Խորվաթների հետ խաղում մեր մեղքն այն էր, որ գիտակցաբար անցանք խորը պաշտպանութան` ենթադրելով, որ կկարողանանք պահպանել հաղթական հաշիվը: Այդպես չէր կարելի խաղալ»:

Իռլանդիա

Բոլոր վիճակագրական տվյալներով, ինչպես նաեւ խաղի առումով Իռլանդիան ամենաթույլ հավաքականը դուրս եկավ: Մի շարք պատճառներ կային: Թիմի առանցքային խաղացողների մեծ մասը տարիքով մեծ են եւ ֆիզիկապես չեն հասցնում պատշաճ մակարդակի վրա մնալ 90 րոպե:  Բացի դրանից, մի քանի երիտասարդներ են հայտնվել հավաքականում, բայց նրանց խաղամակարդակը դեռ շատ ցածր է: Բացի այդ, նրանք դավանում են ուժային ֆուտբոլ, երկար փոխանցումներով, օդային պայքարով, մինչդեռ հիմա ֆուտբոլը բոլորովին այլ ուղղությամբ է զարգանում, որտեղ իռլանդացիների դավանած ֆուտբոլը տեղ չունի:

Միգուցե այս մրցաշարից հետո Իռլանդիայի հավաքականում տեղի ունենա սերնդափոխություն եւ ստեղծվի նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան թիմ:

Բոլոր դեպքերում, իռլանդացիները շարունակում են համառ թիմ լինել, եւ այսօր իտալացիներին հեշտ չի լինելու: Համենայնդեպս, իռլանդացիները խոստացել են այսօր չհիասթափեցնել իրենց երկրպագուներին:

Հավանական կազմ

Իտալիա. Բուֆոն, Դե Ռոսի, Կելինի, Բոնուչի, Մաջո, Մարկիզիո, Պիրլո, Ձակերինի, Բալզարետի, Դի Նատալե, Բալոտելի

Իռլանդիա. Գիվեն, Օ’Շի, Դան, Սենտ-Լեջեր,   Ուորդ,  Դաֆ, Ուիլան, Էնդրյուս, Մակգիդի, Քին, Դոյլ:

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հունիսի 18, Պոզնան, «Մեյսկի» ստադիոն
Մրցավար – Ջունեյթ Ջակիր (Գերմանիա)

Բուքմեքերների կանխատեսումը. միջինացված գործակից

Իսպանիայի հաղթանակ՝ 1,26, ոչ ոքի՝ 6,20, Խորվաթիայի հաղթանակ՝ 14,00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով