23:12  ,  24 օգոստոսի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Տուխելը գտել է ինձ համար լավագույն խաղային դիրքը

Հաջող մեկնարկի հիմքում լավ նախապատրաստական փուլն է, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի երկրորդ տուրում «Ինգոլշտադտի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:

«Հեշտ չէր: Առաջին խաղակեսում չօգտագործեցինք մի քանի գոլային պահեր: Ընդմիջումից հետո կարողացանք մեծացնել ճնշումը եւ խփել չորս գնդակ: Շատ կարեւոր է, որ Եվրոպայի լիգայում անցկացրած բարդ խաղից հետո հաղթանակ տարանք:

 Շատ եմ աշխատում մարզումներին, որպեսզի օգուտ բերեմ թիմին: Կձգտեմ շարունակել նույն ոգով: Ամեն օր նոր օր է: Ես ձգտում եմ բարելավել խաղս: Շնորհակալ եմ Թոմաս Տուխելին, որը գտել է լավագույն խաղային դիրքն ինձ համար: Ուրախ եմ, որ օգնում եմ «Բորուսիային» գոլերով եւ գոլային փոխանցումներով:

Ակնհայտ է, որ անցած մրցաշրջանի համեմատ մեր խաղը շատ է փոխվել: Մենք խաղում ենք հարձակողական ֆուտբոլ: Եթե համեմատենք Կլոպի թիմի հետ, ապա փոխվել է խաղի համակարգը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 4:0 հաշվով, Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, փոխարինվել է 74-րդ րոպեին: Դորտմունդյան երկու հաղթանակած խաղում խփել է 8 գնդակ, ոչ մի գոլ բաց չի թողել եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով