01:51  ,  18 օգոստոսի, 2015

«Աթլետիկը» չպարտվեց Բարսելոնայում եւ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր (ֆոտոշարք)

Բիլբաոյի «Աթլետիկը» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթակիր՝ կրկնելով 1984-ի հաջողությունը: Սուպերգավաթի պատասխան խաղում բասկերը հյուրընկալվելիս 1:1 հաշվով ոչ ոքի խաղացին Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր «Բարսելոնայի» հետ, որի նկատմամբ 4:0 հաշվով սենսացիոն հաղթանակ էին տարել Բիլբաոյում: Առաջին խաղի համեմատ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն 6 փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում: Կատալոնացիները շատ ակտիվ սկսեցին խաղը եւ մեկնարկային 10 րոպեներին ստեղծեցին 2-3 գոլային պահեր, որոնք արդյունավետ չէին: Տանտերերի առավելությունը հսկայական էր, սակայն արագ գոլ խփել չհաջողվեց: Խաղի հաշիվը բացվեց 43-րդ րոպեին, երբ աչքի ընկավ դաշտի տերերի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Ընդմիջումից հետո «Աթլետիկն» ավելի հաճախ էր գրոհում, իսկ 56-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն: Քանակական առավելություն ստացած բասկերը սկսեցին ավելի վստահ գործել, իսկ 74-րդ րոպեին խփեցին նաեւ պատասխան գոլը: Խաղի հաշիվը հավասարեցրեց իսպանացի հարձակվող Արից Ադուրիսը, ով հեթ-տրիկի հեղինակ էր դարձել առաջին խաղում: Գրանցվեց 1:1 հաշիվը եւ նախորդ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր չդարձած ակումբը նվաճեց երկրի Սուպերգավաթը:

Բիլբաոյի «Աթլետիկը» նախորդ անգամ տիտղոս նվաճել էր 1984-ին:

Իսպանիայի Սուպերգավաթ, պատասխան խաղ

«Բարսելոնա» - «Աթլետիկ»՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:4)

Լիոնել Մեսի, 43 – Արից Ադուրիս, 74

Հեռացում՝ Ժերար Պիկե, 56 («Բարսելոնա») – Կիկե Սոլա, 86 («Աթլետիկ»)

«Բարսելոնա». Բրավո, Ալվես, Պիկե, Մասկերանո, Մաթյո, Բուսկետս, Ռակիտիչ (Սանդրո Ռամիրես, 68), Ինյեստա, Պեդրո (Մունի Էլ Հադադի, 68), Մեսի, Սուարես: 

«Աթլետիկ». Իրաիսոս, Բովեդա, Դե Մարկոս, Լյապորտ, Բալենսիագա, Էչեյտա (Էլուստոնդո, 68), Գուրպեգի, Բենյաթ (Միկել Ռիկո, 84), Էրասո, Սուսաետա, Ադուրիս (Սոլա, 81):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում