17:58  ,  22 հուլիսի, 2015

Աբրահամ Խաշմանյան. Կորցնելու ոչինչ չունենք, «Ալաշկերտն» արդեն արել է առավելագույնը

Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նախախաղային ասուլիսում խոսեց ղազախական «Կայրաթի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին եւ պատասխան խաղերի մասին:

«Մեր թիմում ամեն ինչ նորմալ է, հոգեբանական կամ այլ խնդիրներ չունենք: Առաջին խաղում իմ թիմը նվիրված ֆուտբոլ խաղաց, եւ հաշիվը կարող էր ավելի փոքր լինել: Ղազախստանում մրցակիցը գերազանցեց մեզ:

Ֆոֆանա Սեկուն մեր առաջատար պաշտպաններից է: Նրա դիրքն այնպիսին է, որ ճնշման պայմանաններում բոլորն էլ կարող են սխալվել:

Ասեմ, որ լինելու են փոփոխություններ եւ խաղալու ենք երկու հարձակվողներով: Կորցնելու ոչինչ չունենք: Պետք է իրատես լինել: «Ալաշկերտն» արդեն արել է առավելագույնը, եւ ամեն ինչ անելու է նաեւ վաղվա խաղում: Վաղվա խաղի ամենակարեւոր գործոնը կլինի ֆուտբոլիստների նվիրումն ու հաղթանակի մեծ ցանկությունը: Մեր թիմը պատրաստ է խաղին։ Մենք տրամադրված ենք մարտական եւ մոտիվացված ենք: Խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթանակի համար:

«Կայրաթն», իրոք, շատ ուժեղ էր, եւ դա դուք կտեսնեք վաղը: Կար որակ, որը գալիս է ակումբի հնարավորություններից: Տեսեք, թե ինչ ֆինանսական հնարավորություններ ունի «Կայրաթը» եւ ինչ հնարավորություններ՝ մենք: Ղազախները որոշակի առումով մեկ աստիճան բարձր էին «Սենտ Ջոնսթոնից»: «Կայրաթն» այսօր ունի Դոնեցկի «Շախտյորի» մակարդակի թիմ, բայց բոլոր ակումբների դեմ էլ կարելի է խաղալ: Ֆուտբոլում չկան մանրուքներ, եւ պատահական բաներ չեն լինում: Կա որակ, որից ամեն բան կախված է:

Եթե գոնե 10 տարուց ունենանք 5 միլիոնանոց բյուջեով ակումբ, դա մեծ հաջողություն կլինի հայկական ֆուտբոլի համար: Պետք է ամեն ինչին իրատեսորեն նայենք: Մեր ակումբային ֆուտբոլն այսօր շատ հետ է մնացել: Պետք է միջոցներ գտնել այդ խնդիրները լուծելու համար, այլապես առաջընթաց չի լինի:

Ղազախստան հասնելը եւս բարդ էր, եւ հոգնեցինք ճանապարհից, իսկ մրցակիցը կժամանկի չարտերային չվերթով: Ինչ վերաբերում է կորուստներին, ապա վնասվածք ունի Գեւորգ Կարապետյանը»,- ասաց մարզիչը:

Հիշեցնենք, որ Ալմաթիում «Ալաշկերտը» պարտվել է 0։3 հաշվով: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 23-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 19:00-ին։

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով