12:11  ,  29 հունիսի, 2015

Սարգիս Հովսեփյան. «Ֆոլգորեին» անցնելու դեպքում, հնարավոր է, կունենանք եւս մեկ համալրում

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նախախաղային ասուլիսում խոսեց Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման մասին:

«Լրջությամբ ենք պատրաստվում այս խաղին, քանի որ եթե «Ֆոլգորեին» չանցնենք, ցույց կտանք, որ պատրաստ չենք այս մակարդակի հանդիպումների: Պատրաստ ենք եւ վաղը խաղալու ենք միայն հաղթանակի համար: Կցանկանայի վաղը տղաներն այնպես խաղան, որ 80 տոկոսով վճռեն դիմակայության ելքը»:

Իհարկե, դիտել ենք մրցակցի խաղը: Եթե հնարավորություն տանք նրանց, «Ֆոլգորեն» կարող է լավ փոխանցումներով վտանգ ստեղծել: Սակայն, եթե մենք գործենք բարձր արագությամբ, նրանք եւս խնդիրներ կունենան: 

Ինչ վերաբերում է նորեկներին, ապա միայն նախախաղային մարզմանը կորոշենք, թե ով է ընդգրկվելու մեկնարկային կազմում: Այժմ հույսներս դնում ենք այն տղաների վրա, որոնք կան: «Ֆոլգորեին» անցնելու դեպքում, հնարավոր է, որ կունենանք եւս մեկ համալրում:

Կորուստների մասին կասեմ, որ Մասիս Ոսկանյանն ու Դավիթ Մանոյանն ունեն վնասվածքներ: Լավ կլիներ, որ նրանք խաղային, բայց այս կազմով էլ կարող ենք ցույց տալ լավ ֆուտբոլ: Մնացած բոլորը պատրաստ են խաղին: Այսպիսի բարդ առաջնությունից հետո բոլորն էլ հասկանում են, որ ամեն ինչ պետք է անենք Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալու համար:

Սեզար Ռոմերոն մինչեւ օգոստոս ամիսը պայմանագիր ունի ակումբի հետ, իսկ եթե դրանից հետո նա ցանկանա հեռանալ, «Փյունիկը» ոչ ոքի չի պահում: Ամեն բան կախած է ակումբի ղեկավարությունից եւ համատեղ համագործակցությունից»,- ասաց Հովսեփյանը, ով նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատարն է:

Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Ֆոլգորե» հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: «Ֆոլգորեի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում կհանդիպի նորվեգական «Մոլդեի» հետ: 

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով