09:01  ,  14 հունիսի, 2012

Գեւորգ Ղազարյան. Եվրո-2012-ում երկրպագում եմ ռուսներին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն անդրադարձել է ավարտված մրցաշրջանին, ինչպես նաեւ կարծիք է հայտնել Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող Եվրո-2012-ի մասին:

«Կարծում եմ՝ ֆուտբոլային տարին հաջող էր «Մետալուրգի» համար, քանի որ մենք Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեցինք: Այս մրցաշրջանում շատ հիշվող խաղեր եղան: Եղան նաեւ սխալներ, որոնք չպետք է կրկնվեն ապագայում: Ես դժգոհ եմ իմ խաղից: Պետք է ավելի շատ գոլեր խփեմ: Ընդամենը երկու գնդակ եմ խփել Ուկրաինայի առաջնությունում: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանոմ ավելի շատ գոլեր կհեղինակեմ. դա են պահանջում հայ երկրպագուները: Եթե ես արդյունավետ գործեմ, «Մետալուրգը» կարող է ավելի լավ հանդես գալ:

Հայաստանի հավաքականում ավելի լավ եմ հանդես գալիս: Խոսքը ոչ միայն խփած գոլերի մասին է, այլեւ հույների եւ ղազախների հետ հանդիպումների: Հույներին պարտվեցինք, քանի որ նոր էինք վերադարձել արձակուրդից եւ չէինք հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել: Ղազախստանի հավաքականի նկատմամբ հեշտ հաղթանակ տարանք, իսկ ես դարձա երկու գոլի հեղինակ: Բացի այդ, ղազախների դարպասը խփած գոլը լավագույններից մեկը ճանաչվեց մայիս ամսին: Հենրիխ Մխիթարյանը լավ փոխանցում կատարեց, իսկ ես կրնկով գնդակն ուղարկեցի մրցակցի դարպասը:   

Եվրո-2012-ում երկրպագում եմ Ռուսաստանի հավաքականին, չնայած մրցաշարում ֆավորիտ եմ համարում Իսպանիայի, Գերմանիայի եւ Հոլանդիայի թմերին»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով