10:40  ,  18 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Վոլոդյա Ֆրանգուլյանն անհաջող մեկնարկեց, Մուսա Մուրթազալիեւը եւ Լեւան Բերիանիձեն 1/4 եզրափակիչում են

Բաքվում շարունակվող Եվրոպական մարզական խաղերում հունիսի 18-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին 3 ներկայացուցիչները՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ):

Վոլոդյա Ֆրանգուլյանն անհաջող մեկնարկեց՝ 1/8 եզրափակիչում 0:7 պարտվելով ադրբեջանցի Հաջի Ալիեւին: Եթե ադրբեջանցի ըմբիշը հասնի եզրափակիչ, Ֆրանգուլյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Մուսա Մուրթազալիեւը մեկնարկային գոտեմարտում 3:2 հաշվով հաղթեց իսպանացի Թեյմուրազ Նասկիդաեւային եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Սանդրո Ամինաշվիլիի հետ:

Լեւան Բերիանիձեն եւս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 7:2 հաշվով հաղթելով ռուս Խազիմուրատ Գատցալովին: Բերիանիձեի հաջորդ մրցակիցը բելառուս Ալեքսեյ Շեմարովն է:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հանդես էին եկել նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Գարիկ Բարսեղյանը (57կգ), Դավիթ Սաֆարյանը (65կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում