22:34  ,  13 հունիսի, 2015

Սարգիս Հովսեփյան. Ռոնալդուն մեծ աստղ է եւ կարող է ոչ լիարժեք պահը վերածել գոլի

Արթուր Եդիգարյանի բացակայությունը կորուստ չէ մեզ համար, քանի որ կենտրոնում լավ խաղացինք: Եթե տեսնեի, որ Եդիգարյանի կարիքը կա ազգային հավաքականում, ես կհրավիրեի նրան, քանի որ մեր թիմի թշնամին չեմ: 

Այդ մասին Եվրո-2016-ի ընտրական խաղում պորտուգալացիներից 2:3 հաշվով կրած տնային պարտությունից հետո կայացած ասուլիսում նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը, ով պարտությամբ սկսեց նոր աշխատանքը:

«Կար մեծ նվիրում եւ որակ, ինչն ամենակարեւորն է եւ պարտադիր: Երեւի, չհերիքեց ուշադրությունը եւ զգոնությունը: Այսպիսի աստղերի դեմ խաղալիս դա պարտադիր է: Պորտուգալիայի հավաքականը միանգամից օգտվեց, երբ կորցրեցինք զգոնությունը: Խաղի որակից գոհ եմ, իսկ արդյունքից՝ ոչ: Խաղակեսերի միջեւ տարբերությունն այն էր, որ պորտուգալացիները գոլից հետո սկսեցին պաշտպանողական ֆուտբոլ խաղալ: Մեզ հաջողվեց կրճատել հաշիվը, սակայն մրցակիցը լավ էր պաշտպանվում եւ կատարեց գրագետ փոփոխություններ: Տղաների նվիրվածությունը բավական չեղավ: Սա ֆուտբոլ է, եւ այսպես եւս լինում է:

Երբ պատրաստվում ենք խաղին, բոլոր հնարավոր եւ անհնար տարբերակները քննարկում ենք: Երբ պարտվում ես, պետք է խաղալ առաջին համարով եւ տղաներն անմիջապես հասկացան դա խաղադաշտում: Տղաները շատ էին ցանկանում, սակայն չստացվեց, քանի որ Պորտուգալիան ուժեղ հավաքական է: Փորձում էինք միջին գծում դիմավորել մրցակցին, որպեսզի խլեինք գնդակը եւ անցնեինք արագ հակագրոհի: Եթե 3 գոլ ենք բաց թողել, ապա պաշտպանությունում, երեւի, ինչ-որ բան չստացվեց:

Վախենում էի Արաս Օզբիլիսին խաղադաշտ դուրս բերել մեկնարկից: Հասկանալի է, որ նա երկար ժամանակ էր բացակայում եւ դեռ մարզավիճակ է հավաքում: Ցանկանում էինք Արասին խաղադաշտ դուրս բերել մրցակցի հոգնած ֆոնի վրա:

Երբ թիմը հաղթում է, ապա կարող է մտածել պաշտպանվելու մասին: Դա նորմալ եմ համարում: Ֆուտբոլիստները դա իրենք են հասկանում, եւ ամեն ինչ չէ, որ պետք է հուշել նրանց: Աջ եզրից գոհ եմ, քանի որ մրցակիցը վտանգավոր պահեր էր ստեղծում: Կար սրություն, բայց համոզված էի, որ Հրայր Մկոյանն ու Կամո Հովհաննիսյանը լավ կխաղան:

Մինչեւ վնասվածքը Կառլեն Մկրտչյանը լավ էր խաղում: Ռումյան Հովսեփյանը եւս հոյակապ մտավ խաղի մեջ: Նրանից շատ գոհ եմ: Հովսեփյանը շատ լավ կատարեց իր աշխատանքը: Կառլենը եւս կարող էր ավելի լավ խաղալ: Արթուր Եդիգարյանի բացակայությունը կորուստ չէ մեզ համար, քանի որ կենտրոնում լավ խաղացինք: Եթե տեսնեի, որ Եդիգարյանի կարիքը կա ազգային հավաքականում, ես կհրավիրեի նրան, քանի որ մեր թիմի թշնամին չեմ:

Հենց այնպես չստեղծեցինք սուր պահեր: Պորտուգալացիների պաշտպանությունը երբեմն չեր հասցնում: Հենրիխ Մխիթարյանի խաղից շատ գոհ եմ: Ուրախ եմ, որ մեր հավաքականում կա այդպիսի ֆուտբոլիստ:

Անհատական խաղի ժամանակները վաղուց անցել են: Պարզապես տղաներին ասել էինք, որ պետք է 2 խաղացողով հսկել Ռոնալդուին: Երրորդ գոլի դրվագում էլ Կրիշտիանուն հսկողության տակ էր, սակայն մեր բախտը չբերեց, քանի որ Գաել Անդոնյանը սայթաքեց եւ Արզումանյանը մենակ մնաց Ռոնալդուի դեմ: Նա մեծ աստղ է, եւ կարող է ոչ լիարժեք գոլային պահը վերածել գոլի»,- ասաց Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում պորտուգալացիների բոլոր գոլերը խփեց Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ հյուրերը հաղթեցին 3:2 հաշվով:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով