14:07  ,  26 մայիսի, 2015

Հրաչյա Ռոստոմյան. Հայաստանը 25 մարզիկներով կմեկնի Բաքու

Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին Հայաստանը կմասնակցի 25 մարզիկներով:

Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ով խոսեց Ադրբեջանի մայրաքաղաք մեկնելու պատճառների մասին:

«Թե՛ անվտանգության, թե՛ կազմակերպչական բոլոր խնդիրները լուծված են: Մեր պատվիրակության առաջին խումբը մեկնելու է հունիսի 10-ին: Հայաստանի պատվիրակության ղեկավարը ես եմ եւ առաջինը կմեկնեմ: ՀԱՕԿ-ի նախագահն ինձ հանձնարարեց կարճ ժամկետում կազմակերպել այս մարզիկների հավաքներն ու միջազգային մրցաշարերին մասնակցելը պատշաճ մակարդակով:

Գագիկ Ծառուկյանը կտրականապես հրաժարվեց Բաքվի աջակցությունից եւ բոլոր ֆինանսական ծախսերը տրամադրվեց ՀԱՕԿ-ի նախագահի կողմից: Հասկանալի պատճառներով մենք հրաժարվեցինք Բաքվի ֆինանսավորումից»,- ասաց Ռոստոմյանը:

Անդրադառնալով անվտանգության երաշխիքներին եւ ՀԱՕԿ-ի հանդեպ հնչած քննադատություններին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն ասաց.

«Այսօր առնվազն անմեղսունակ լինես, որ ինչ-որ խոսքով առաջնորդվես: Բոլոր նախադրյալները եւ անվտանգության երաշխիքները ստացել ենք երեք կողմից՝ Ադրբեջանի, ՄՕԿ-ի ու ԵՕԿ-ի: Առանց այդ նախադրյալներն ունենալու ՀԱՕԿ-ը որոշում չէր կայացնի, մենք չէինք մեկնի Բաքու:

ՀԱՕԿ-ը եզակի կազմակերպություններից մեկն է, որտեղ որոշումները կայացնելիս հաշվի են առնում բոլորի կարծիքները: Նույն կերպ կազմակերպվել է նաեւ Բաքվի խաղերի մասնակցության հարցը: Բոլոր քննարկումները տեղի են ունեցել ՀԱՕԿ-ի գործկոմի նիստում: Գործկոմը կազմված է 15 անդամից, բայց քանի որ սա շատ կարեւոր հարց էր, մենք քննարկման հրավիրեցինք նաեւ ֆեդերացիաների ներկայացուցիչներին եւ գլխավոր մարզիչներին: Մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք, բայց մարզիկների ցանկությամբ: Խնդիր ենք դրել, որ պետք է բոլոր մարզիկները պատվով հանդես գան:

ՀԱՕԿ-ի որոշումը զուտ մարզական է: ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն հայտարարեց, որ սպորտը հաղթեց քաղաքականությանը: Ինչ վերաբերում է մեր հանդեպ հնչած քննադատություններին, մեծ հաշվով ոչ ոքի հաճելի չէ գնալ Բաքու: Ես չգիտեմ մի հայ, որ շատ ցանկանա մեկնել Բաքու: Ունենք այն, ինչ  ունենք: Ունենք Եվրոպական խաղեր, որը չի պատկանում Ադրբեջանին, այլ դա ԵՕԿ-ինն է: ՀԱՕԿ-ը որոշեց չմեկուսանալ այս կարեւորագույն մարզական իրադարձությունից:

Գնում ենք հաջող մասնակցելու համար: Յուրաքանչյուր մեդալ մեծ հաղթանակ է լինելու մեզ համար: Ամեն մարզիկ արդեն հերոս է, որ ցանկանում է գնալ Բաքու: Բացման արարողությանը Հայաստանը մասնակցելու է, եւ ես եմ լինելու մեր դրոշակակիրը: Գուցե միայնակ լինեմ, գուցե կազմով լինենք: Դեռ պարզ չէ»,- ասաց Ռոստոմյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում