01:38  ,  3 մարտի, 2012

Լեւոն Պաչաջյան. Հավաքականում միշտ խաղացել եմ 100 տոկոս նվիրվածությամբ

Երբ հավաքական եմ հրավիրվել, անկախ մարզավիճակիցս, միշտ հանդես եմ եկել 100 եւ ավելի տոկոս նվիրվածությամբ: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, իրանական «Սանաթ Նավթ» ակումբում հանդես եկող Լեւոն Պաչաջյանը:

Մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Լեւոն Պաչաջյանն ու մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր նախկինում հանդես են եկել Հայաստանի ազգային հավաքականում, այլ մտածելակերպով մարդիկ են եւ Հայաստանի այսօրվա հավաքականում հանդես գալու համար նրանք չունեն համապատասխան խաղային որակներ:

«Երբ հավաքական եմ հրավիրվել, անկախ մարզավիճակիցս, միշտ հանդես եմ եկել 100 եւ ավելի տոկոս նվիրվածությամբ: Հնարավոր է, որոշ հանդիպումներ հաջող չեն ստացվել, սակայն ես միշտ նվիրված եմ եղել հավաքականին, ինչպես եւ հիմա»,- զրույցում ասաց Լեւոն Պաչաջյանը:

Հարցին, թե այս ընթացքում հրավերի սպասել է հավաքականից, Լեւոնը պատասխանեց. «Եթե անկեղծ լինեմ, ապա` ոչ, հավաքականից հրավերի չեմ սպասել»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ 28-ամյա կիսապաշտպանը հայտնեց, որ կցանկանար ուժերը փորձել եվրոպական որեւէ երկրի առաջնությունում:

«Ամեն ինչ շատ լավ է ընթանում, մարզվում ենք եւ պատրաստվում առաջիկա հանդիպումներին: Նոր պայմանագրի վերաբերյալ դեռեւս բանակցություններ չեմ վարել ակումբի հետ, քանի որ գործող պայմանագիրս ավարտվում է 2013թ. մայիսին: Դեռեւս առաջարկներ չկան այլ ակումբներից, սակայն կան հետաքրքրություններ, որոնք, հնարավոր է, վերածվեն պաշտոնական առաջարկների: Եթե հնարավորություն լիներ, կցանկանայի տեղափոխվել Եվրոպա: Դեմ չեմ լինի վերադառնալ սկանդինավյան որեւէ երկիր»,- նշեց Լեւոն Պաչաջյանը:

Պատրաստեց Դավիթ Եղիազարյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով