Կատալոնական «Բարսելոնան» դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչի առաջին խաղում կատալոնացիները 3:0 հաշվով հաղթել էին Մյունխենի «Բավարիային», որին 2:3 հաշվով պարտվեցին Գերմանիայում անցկացված պատասխան մրցավեճում:
Հանդիպման սկզբնամասում թիմերը կորցրին մեկական գոլային պահ, իսկ 7-րդ րոպեին «Բարսելոնայի» խաղացողների կողմից մոռացված մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիան անկյունային հարվածի խաղարկման արդյունքում բացեց հաշիվը: Բաց թողած գոլից հետո հյուրերը չընկճվեցին եւ շարունակում էին խաղալ իրենց ֆուտբոլը: 15-րդ րոպեին Մեսի-Սուարես-Նեյմար կատալոնական գեղեցիկ կոմբինացիան ավարտվեց բրազիլացի հարձակվողի խփած գոլով: Երբ հաշիվը հավասարվեց, «Բավարիան» ունեցավ մի քանի իրական գոլային պահեր, սակայն չօգտագործեց դրանք եւ պատժվեց քիչ անց: 29-րդ րոպեին ուրուգվայցի Լուիս Սուարեսը կատարեց երկրորդ գոլային փոխանցումը, իսկ Նեյմարը, դառնալով դուբլի հեղինակ, առաջ մղեց կատալոնացիներին:
Առաջին խաղակեսի վերջնամասում տանտերերն ունեցան հաշիվը հանասարեցնելու իրական հնարավորություններ, բայց «Բարսելոնան» մինչեւ ընդմիջում պահպանեց հաղթական հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում գերմանացիները գերազանցեցին մրցակցին: Ընդմիջումից հետո Գերմանիայի չեմպիոնը շատ ավելի լավ տեսք ուներ, սակայն կարողացավ խփել ընդամենը 2 գոլ, ինչը բավական չէր դիմակայությունում հաղթելու համար: Հաշիվը 59-րդ րոպեին հավասարեցրեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով աչքի ընկավ անհատական բարձր վարպետություն դրսեւորելուց հետո: Գերմանացի Թոմաս Մյուլերի՝ 74-րդ րոպեին խփած գոլից հետո էլ մյունխենցիներն անդադար գրոհում էին, բայց ավելին անել չհաջողվեց:
Նեյմարը «Բարսելոնայի» կազմում գոլ խփեց 7-րդ խաղում անընդմեջ: Բացի այդ, 23-ամյա բրազիլացին կրկնեց իսպանացի Ֆերնանդո Մորյենտեսի ռեկորդը՝ գոլի հեղինակ դառնալով Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարի քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակիչի բոլոր խաղերում:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Թուրինի «Յուվենտուսն» ու մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», որոնց միջեւ առաջին խաղում Իտալիայի չեմպիոնը հաղթել է 2:1 հաշվով: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 6-ին Բեռլինում:
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Բավարիա» (Գերմանիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) – 3:2 (առաջին խաղ՝ 0:3)
Մեհդի Բենատիա, 7, Ռոբերտ Լեւանդովսկի, 59, Թոմաս Մյուլեր, 74 – Նեյմար, 15, 29
«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա, Ժերոմ Բոատենգ, Մեհդի Բենատիա, Խուան Բերնատ, Խաբի Ալոնսո, Ֆիլիպ Լամ (Սեբաստիան Ռոդե, 68), Տիագո Ալկանտարա, Բաստիան Շվայնշտայգեր (Մարիո Գյոտցե, 87), Թոմաս Մյուլեր, Ռոբերտ Լեւանդովսկի:
«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Դանիել Ալվես, Խերարդ Պիկե, Խավյեր Մասկերանո, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա (Չավի, 75), Իվան Ռակիտիչ (Ժերեմի Մաթյո, 72), Նեյմար, Լիոնել Մեսի, Լուիս Սուարես (Պեդրո, 46):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում