15:51  ,  5 մայիսի, 2015

Մեսի. Գվարդիոլայի հետ ունեցել եմ ֆանտաստիկ հարաբերություններ

Գվարդիոլայի հետ «Բարսելոնայում» ունեցել ենք ֆանտաստիկ հարաբերություններ, սակայն նրա հեռանալուց հետո գրեթե չենք հաղորդակցվել, ասել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Բարսելոնայում կայացած մամուլի ասուլիսում՝ խոսելով «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման մասին։

«Իհարկե, Գվարդիոլան մեզ շատ լավ գիտի։ Նրա հետ մենք հաջողակ էինք եւ նվաճել են բազմաթիվ տիտղոսներ։ Գվարդիոլայի ղեկավարությամբ ես զգալի առաջադիմել եմ։ Նա ուսումնասիրում է բոլոր մրցակիցներին։ «Բարսելոնայից» հեռանալուց հետո Գվարդիոլային հանդիպել եմ մի քանի անգամ, բայց գրեթե չենք հաղորդակցվել։

Լուիս Էնրիկե հետ հունվարյան տարաձայնություններից հետո ամեն ինչ հարթվել է, ոչ մի խնդիր չկա։ Մենք հիմա հրաշալի ենք խաղում, բոլոր ֆուտբոլիստները առողջ են, գերազանց մարզավիճակում ենք, մոտիվացված ենք եւ ծարավ՝ նվաճել եւս մեկ տիտղոս։

Գիտենք, որ «Բավարիայում» կան կադրային կորուստներ, բայց նրանք մեծ ակումբ են եւ չեն կարող դրանից դժգոհել։ Քիչ ժամանակ է մնացել մրցաշրջանի ավարտին, պետք է ամեն ինչին հանգիստ մոտենալ։ Անցած մրցաշրջանում ոչինչ չնվաճեցինք։ Հիմա կարող ենք երեք տիտղոս նվաճել։ Բայց դեռ պետք է հասնել եզրափակիչ։ Չգիտեմ, թե ով է մեր զույգի ֆավորիտը։ Սուարեսի եւ Նեյմարի նման խաղացողներով հաջողության հասնել հեշտ է»,- ասել է Մեսին։

«Բարսելոնան» կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բավարիային» կընդունի մայիսի 6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով