22:31  ,  11 հունիսի, 2012

Եվրո-2012. Ֆրանսիա - Անգլիա. Չարդարացված ակնկալիքներ, անշուք խաղ

Ինչպես եւ Իսպանիա - Իտալիա հանդիպումը, Ֆրանսիա - Անգլիա հանդիպումը նույնպես ավարտվեց 1:1: Սակայն սրանով ավարտվում է նմանությունը: Ի տարբերություն երեկվա հրաշալի խաղի, այս հանդիպումը ստացվեց անհրապույր, անշուք: Արագություններն էլ այնքան բարձր չէին:

Այս հանդիպմանը նույնպես սպասում էին: Վերլուծաբաններին, ֆուտբոլասերներին հետաքրքրում էր, թե ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆրանսիայի հավաքականը: Որքանով է համապատասխանում նրա ցուցադրած ֆուտբոլի մակարդակը այն ամբիցիաներին, որոնցով Եվրո-2012 է եկել: Սպասում էին նաեւ նրան, թե ի՞նչ վիճակում է Անգլիան` հայտնի եւ տհաճ իրադարձությունների լույսի ներքո: Հաջողվե՞լ է արդյոք Հոջսոնին կարճ ժամանակահատվածում վերացնել այն բոլոր թերությունները, որոնք առկա էին թիմում, փակել այն բացերը, որոնք առաջացել էին առանցքային մի շարք ֆուտբոլիստների վնասվածքներից հետո, փոխարինող գտնել որակազրկված Ուեյն Ռունիին:

Այս հանդիպումը չտվեց այդ հարցերից եւ ոչ մեկի պատասխանը: Այո, Ֆրանսիան ավելի շատ էր գնդակով խաղում, ուներ տարածքային առավելություն` ինչը Բլանի մարզչական փիլիսոփայության արգասիքն է: Բլանը հանդիպման նախօրեին հայտարարել էր, որ փորձելու են դաշտում կիրառել «Բարսելոնայի» խաղաոճը: Դա ստացվեց: Բայց «Բարսելոնան» ոչ միայն տիրում է գնդակին, այլ նաեւ մեծ ուժերով գրոհում է, ինչը ֆրանսիացիների դեպքում չկար: Գրոհներին մշտապես մասնակցում էր ընդամենը 3-4 խաղացող, պաշտպանները հազվադեպ էին միանում գրոհներին: Նման զգուշավոր խաղի դեպքում դժվար է գոլառատ եւ արդյունավետ ֆուտբոլ ակնկալել: 

Անգլիայի դեպքում էլ պարզ չէր, թե դա ինչ ֆուտբոլ էր: Այն խաղը, որը ցույց տվեցին անգլիացիները, ավելի շուտ հատուկ է իտալացիներին. մեծ ուժեր պաշտպանությունում, ապավինում հակագրոհներին եւ ստանդարտ վիճակների արդյունավետ օգտագործում: Հենց նման ստանդարտ պահերից մեկն էլ անգլիացիները իրացրեցին: Հանդիպման մնացած ժամանակահատվածում անգլիացիները հիմնականում մտահոգված էին սեփական դարպասները անառիկ պահելով: Բայց նույնիսկ իտալացիները Իսպանիայի հավաքականի հետ խաղում ցույց տվեցին, որ հրաժարվել են այս խաղաոճից: Սա այն ֆուտբոլն է, որը զուտ արդյունքին է միտված, բայց ոչ` մարզասերին: Անգլիայի այս հավաքականը հիշեցրեց «Չելսին»:  Միգուցե Ռոյ Հոջսոնը դեռեւս տպավորված է Ռոբերտո Դի Մատեոյի նվաճումից եւ դրա ազդեցության ներքո է կառուցել թիմի մարտավարությունը: Անձնուրաց էին խաղում պաշտպանները, բազմաթիվ անգամ փակեցին գնդակի ճանապարհը, բայց առջեւում ստեղծագործելու մասին ոչ մի խոսք:

Ընդհանրապես, հանդիպման ողջ ընթացքում այն տպավորությունն էր ստեղծվել, թե երկու թիմերն էլ մտովի արդեն պատրաստվում են հաջորդ երկու հանդիպումներին: Այսինքն, չպարտվել առաջին խաղում հիմնական մրցակցին, դե իսկ հետո արդեն հեշտ կլինի. մյուս մրցակիցները այդքան զորեղ չեն եւ միավորների հիմնական պաշարը այդ խաղերում  ձեռք կբերվեն: Վտանգավոր մտայնություն, որը կարող է չար կատակ խաղալ երկու հավաքականների գլխին:

Մհեր Ղալեչյան

Եվրո-2012. Խմբային մրցաշար

D խումբ, 1-ին տուր

Ֆրանսիա – Անգլիա` 1:1

Սամիր Նասրի, 39 – Ջոլեոն Լեսկոտ, 30


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով