21:10  ,  28 ապրիլի, 2015

Պետեր Լեկո. Շախմատային պատմության ամենաբարդ աշխարհի առաջնությունն էր

Կարծում եմ, որ սա ամենաբարդ աշխարհի առաջնությունն էր շախմատի պատմության մեջ:  Շնորհավում եմ Հայաստանի հավաքականին բրոնզե մեդալի համար: Սա հերոսական վերադարձ էր վատ մեկնարկից հետո:

Այս մասին ասաց Հունգարիայի հավաքականի առաջին համար Պետեր Լեկոն՝ ամփոփելով Ծաղկաձորում ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Հունգարիայի հավաքականը զբաղեցրեց 6-րդ տեղը, դա ոչ շատ լավ է, բայց ոչ էլ շատ վատ: Նորմալ արդյունք է: Կարծում եմ, որ շախմատի պատմության մեջ, սա ամենաբարդ աշխարհի առաջնությունն էր:  Իրականում շատ բարդ էր ոչ միայն մեր հավաքականի, այլեւ բոլոր հավաքականների համար, մեծ մրցակցություն կար, բարդ էր: Կարող էր լինել նաեւ ավելի լավ, բայց այս արդյունքն էլ մեզ համար նորմալ է:

Առաջնությունը հրաշալի էր կազմակերպված, ամեն ինչ շատ լավ էր, այստեղ շատ հանգիստ էր, մթնոլորտը հանգիստ: Ամեն ինչ իդեալական էր: Ծաղկաձորը հրաշալի վայր է, նաեւ ընտրված հյուրանոցն էր շատ լավը: Ես գիտեմ, որ հայերը շատ են սիրում շախմատ, այդ առումով՝ ավելի լավ կլիներ Երեւանում կազմակերպել աշխարհի առաջնությունը, որպեսզի շատ մարդ ներկա լիներ, տեսներ, երկրպագեր: Երբեմն շախմատիստի համար ավելի ոգեւորիչ է, երբ երկրպագուները շատ են, դա մեծ ոգեւորություն է տալիս շախմատիստին, ոմանք էլ սիրում են, որ խաղն ընթանում է խաղաղ մթնոլորոտում, ավելի կտրված միջավայրում: Կարծում եմ, որ Երեւանում շատ ավելի մեծ թվով երկրպագուներ կերկրպագեին եւ կոգեւորեին առաջնության մասնակիցներին: Երկրպագուները մեծ խթան են տալիս:

Ես շնորհավում եմ Հայաստանի հավաքականին բրոնզե մեդալի համար: Սա հերոսական վերադարձ էր: Թիմը դժվարությամբ մեկնարկեց առաջնությունում եւ հետ մնաց Չինաստանից ու Ուկրաինայից: Կարծում եմ, որ բրոնզե մեդալը շատ մեծ հաջողություն է Հայաստանի հավաքականի համար»,- ասաց Պետեր Լեկոն:

Աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջնական դասավորություն. Չինաստան՝ 15 թիմային միավոր (23 անհատական միավորների գումար), Ուկրաինա՝ 12 (21), Հայաստան՝ 11 (19), Ռուսաստան՝ 10 (21,5), ԱՄՆ՝ 10 (19,5), Հունգարիա՝ 9 (17), Իսրայել՝ 8 (18,5), Կուբա՝ 7 (16,5), Հնդկաստան՝ 7 (16), Եգիպտոս՝ 1 (9):

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով