18:40  ,  11 հունիսի, 2012

«Ուլիսի» եւ «Արարատի» ֆուտբոլիստների հրմշտոցի պատճառը հանդիպման լարվածությունն էր. կարծիք

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12 -րդ տուրի «Ուլիս» - «Արարատ» (3:1) հանդիպման ավարտից հետո խաղի մրցավար Զավեն Անդրիասյանը ոչ սպորտային պահվածքի համար երկու թիմերի խաղացողներ Արամ Բարեղամյանին եւ Կարեն Խաչատրյանին կարմիր քարտ է ցույց տվել: Ֆուտբոլիստները վիճաբանության մեջ են մտել, ինչը շարունակություն է ստացել հանդերձարանի ճանապարհին: Այստեղ արդեն վիճաբանողների թիվը երկու կողմից էլ մեծացել է, բայց գործը կռվին չի հասել:

NEWS.am Sport-ի թղթակցի խնդրանքով միջադեպը մեկնաբանել է «Արարատի» ամենափորձառու ֆուտբոլիստ եւ թիմի ավագ Արթուր Մինասյանը:

«Խաղն իրոք լարված էր, եւ հանդիպման մեկնարկում երեք գնդակ բաց թողնելուց հետո «Արարատը» ամեն ինչ արեց իրավիճակը շտկելու համար: Միգուցե առաջին հայացքից լարվածություն չկար, բայց խաղի ներքին լարվածությունը իրոք մեծ էր, քանի որ երկու կողմերն էլ ուզում էին հասնել հաջողության: Նման դեպքեր ֆուտբոլում շատ են պատահում: Հանդիպման ավարտից անմիջապես հետո էմոցիաների արտահայտումը նորություն չէ ֆուտբոլիստների համար: Որ ճիշտն էլ ասեմ՝ ինչ-որ կոնկրետ պատճառ չկար, որ ֆուտբոլիստների միջեւ լուրջ բան ծագեր: Ուղղակի փոքրիկ հրմշտոց, որին խառնվեցին մի քանի այլ ֆուտբոլիստներ, պարզ է, որ ոստիկանությունն էլ միջամտեց, բայց կողմերը պարզապես այդ պահին իրենց մտածածը ասեցին ու գնացին հանդերձարաններ:  Իհարկե, նման երեւույթները ցանկալի չեն, բայց դե ֆուտբոլում, ինչպես ասում են, ամեն ինչ հնարավոր է: Ես նույնիսկ վստահ եմ, որ այդ պահից մի ժամ հետո եթե նույն խաղացողները հանդիպեին, լրիվ այլ ձեւ կխոսեին իրար հետ: Խաղի ներքին լարվածությունը պարզապես մի պահ փոխանցվեց տղաներին»,- նշեց Արթուր Մինասյանը:

Խաչիկ Չախոյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում