Ծաղկաձորում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Հնդկաստանի թիմի հետ եւ առավելության հասավ 2.5:1.5 հաշվով:
Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսեսյանը խաղացին ոչ ոքի: Վերջինը պարտիան ավարտեց Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Գուջարատի Վիդիտին՝ հաղթանակ պարգեւելով Հայաստանի հավաքականին:
Հայաստանի հավաքականը վաստակել է թիմային 9 միավոր եւ բարձրացավ երրորդ տեղ: Ուկրաինայի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց ամերիկացիներին եւ 11 միավորով ընթանում է երկրորդ տեղում: Առաջին տեղում է Չինաստանը, որը 3:1 հաշվով հաղթեց Կուբային եւ ունի 13 միավոր: 8-ական միավոր ունեն Իսրայելը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Հունգարիան:
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Եգիպտոսի շախմատիստների հետ, որոնք ունեն ամենացածր վարկանիշը եւ վաստակել են միայն 1 միավոր: Չինաստանը կխաղա Հնդկաստանի, Ռուսաստանն՝ Իսրայելի, ԱՄՆ-ն՝ Կուբայի, Հունգարիան՝ Ուկրաինայի հետ:
Աշխարհի առաջնություն, 8-րդ տուր
Հնդկաստան - Հայաստան՝ 1.5:2.5
Պենտալա Հարիկրիշնա - Լեւոն Արոնյան՝ 0.5:0.5
Սետուրաման Սետուրաման - Գաբրիել Սարգսյան՝ 0.5:0.5
Կրիշնանա Սասիկիրան - Սերգեյ Մովսեսյան՝ 0.5:0.5
Գուջարատի Վիդիտ - Հրանտ Մելքումյան՝ 0:1
Կուբա - Չինաստան՝ 1:3
Ուկրաինա - ԱՄՆ՝ 1.5:2.5
Իսրայել - Հունգարիա՝ 2:2
Եգիպտոս - Ռուսաստան՝ 0.5:3.5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում