17:28  ,  11 հունիսի, 2012

Եվրո-2012. Ուկրաինա - Շվեդիա. անոնս

Կիեւի վերակառուցած 70 հազարանոց «Օլիմպիական» ստադիոնում այսօր, հունիսի 11-ին Երեւանի ժամանակով 22:45-ին Եվրո-2012-ի երկրորդ կազմակերպիչ երկրի հավաքականն է սկսում պայքարը` Ուկրաինան ընդդեմ Շվեդիայի:

Լեհաստան – Հունաստան հանդիպումը ցույց տվեց, որ ինչքան էլ սեփական խաղադաշտի գործոնը կարեւոր լինի, միեւնույն է, դա քիչ է հաղթանակի համար: Հուսալ, որ մրցավարները ավելի ներողամիտ կլինեն տանտերերի նկատմամբ, նույնպես չի կարելի. Շչեսնիին մրցավարը առանց վարանելու հեռացրեց դաշտից եւ 11 մետրանոց հարված նշանակեց:

Իրենք` ուկրաինացիները, սակայն կարեւորում են սեփական տանը խաղալու գործոնը: Ուկրաինացիների կիսապաշտպաններից մեկը` Անդրեյ Յարմոլենկոն, Գերմանիայի հավաքականի հետ դրամատիկ եւ դիտարժան ընկերական հանդիպումից (3:3)  հետո նշել էր, որ երկրպագուների այդպիսի աջակցությունից «ոտքերը իրենք իրենց էին վազում»: Թիմից սպասում են հրաշքներ: Բլոխինը մի անգամ նման հրաշք արդեն արել է, երբ Ուկրաինայի հավաքականը նրա գլխավորությամբ առաջին անգամ նվաճելով աշխարհի առաջնության ուղեգիր, 2006թ. հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց ապագա չեմպիոնին` Իտալիայի հավաքականին: Այժմ եւս Ուկրաինան առաջին անգամ է հանդես գալիս, եւ գոնե այդ հարցում նմանություն կա:

Հասկանալի է, որ կարճ պատմություն ունի այս թիմերի դիմակայությունը. ընդամենը 3 խաղ, բոլորն էլ ընկերական, որտեղ կատարյալ հավասարություն է տիրում` +1, =1, -1, գնդակները` 2:2: Այս հանդիպումը առաջին պաշտոնականն է:

Ուկրաինա 

Եվրո-2012-ից առաջ անցկացրած երեք հանդիպումներից երկուսում Ուկրաինայի հավաքականը գրեթե նույն կազմով խաղաց, ինչը ենթադրում էր, որ դա էլ լինելու է հիմնական կազմը: Սակայն վերջին հանդիպումից հետո տեղի ունեցավ անսպասելին. թիմի խաղացողների մեծ մասը զանգվածաբար թունավորվեց, ինչը մարզիչ Բլոխինին կստիպի որոշ փոփոխություններ կատարել, հատկապես, պաշտպանության օղակում:

Դարպասապահի առումով տագնապալից վիճակ է: Չկան երեք հիմնական դարպասապահները եւ այդ դերը ստանձնելու է կայունությամբ աչքի չընկնող Պյատովը: Կենտրոնական պաշտպանության գոտում գործում էր Միխալիկ – Խաչերիդի զույգը, սակայն այժմ հնարավոր է Խաչերիդի – Ռակիցկի տարբերակը: Եզրային գոտիներում` Սելինն ու Շեւչուկը:  Բացառված չէ նաեւ Գուսեւը:

Հենակետայինի գոտիում կխաղան փորձառու Տիմոշչուկն ու Նազարենկոն, կիսապաշտպանությունում` Յարմոլենկոն, Կոնոպլյանկան եւ Դեւիչը: Մաքուր հարձակվող կլինի Վորոնինը:

Անկասկած, հանդիպման երկրորդ խաղակեսում կտեսնենք Ուկրաինայի լեգենդին` Շեւչենկոյին: Նույնիսկ եթե դա չբխի խաղի տրամաբանությունից, ամբողջ ստադիոնը դա պահանջելու է այնքան ժամանակ, մինչեւ իր սիրելի խաղացողին չտեսնի:

Շվեդիա

Շվեդները հայտնի են իրենց կայունությամբ արդեն երկար տարիներ. մշտապես նվաճում են խոշոր մրցաշարերի ուղեգրեր, որտեղ մեծ ամբիցիաներ չեն ցուցաբերում, բայց նաեւ միավորներ բաժանողի դերում էլ չեն հանդես գալիս: Իրենց բնորոշ խաղը ցուցադրում են, միավորներ հավաքում են, երբեմն նույնիսկ անցնում են խմբային արգելքը եւ իրենց գործը դրանով ավարտվում է:

Պարզ է, որ հիմնական ուշադրությունը գրավելու է շվեդների միակ խոշոր աստղը` Իբրահիմովիչը: Նա ինչպիսի մարզավիճակում էլ լինի` միշտ էլ արդյունավետ է գործում. հավասարապես կարող է եւ ռմբարկուի դեր ստանձնել, եւ դիսպետչերի: Տեսնենք, թե ինչպես են ուկրաինացիները չեզոքացնելու նրան:

Կազմի առումով ամեն ինչ հիմնականում նույնն է: Իսակսոնը հիմնական դարպասապահն է: Պաշտպանության կենտրոնում` Մյոլբորգն ու Օլսոնը, եզրերում` Լուստիգն ու Գրանկվիստը: Կիսապաշտպանական գոտում գործում է Սվենսոն, Լարսոնը եւ Չելստրյոմը, Էլմ քառյակը: Առջեում Իբրահիմովիչին կընկերակցի կամ Էմանդերը, կամ Տոյվոնենը:

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:45-ին:

Ուկրաինա - Շվեդիա

«Օլիմպիական» ստադիոն, Կիեւ

Մրցավար` Ջունեթ Ջակիր (Թուրքիա)

 

Հավանական կազմ

Ուկրաինա. Պյատով, Գուսեւ, Միխալիկ, Խաչերիդի, Ռակիցկի, Տիմոշչուկ, Նազարենկո, Յարմոլենկո, Վորոնին, Կոնոպլյանկա, Դեւիչ:

Շվեդիա. Իսակսոն, Լուստիգ, Գրանկվիստ, Մելբերգ, Օլսոն, Լարսոն, Սվենսոն, Չելստրյոմ, Էլմ, Իբրահիմովիչ, Տոյվոնեն

 

Բուքմեքերների կանխատեսումը. միջինացված գործակից

Ուկրաինայի հաղթանակ՝ 2,40, ոչ ոքի՝ 3,30, Շվեդիայի հաղթանակ՝ 3,20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով