15:53  ,  11 հունիսի, 2012

Եվրո-2012. Ֆրանսիա - Անգլիա. անոնս

Իսպանիա - Իտալիա հանդիպումից հետո ֆուտբոլասերները իրավունք ունեն պահանջել բանկետի շարունակություն Ֆրանսիա - Անգլիա մրցավեճում:

Այս հանդիպումն էլ է հետաքրքրությամբ սպասվում: Միմյանց դեմ դուրս կգան 2010թ. աշխարհի առաջնության երկու անհաջողակները, թիմեր, որոնք մտադիր են վերականգնել սասանված հեղինակությունը: Ճանապարհը դեպի Եվրո-2012 երկու հավաքականներն էլ սկսեցին ընտրական մրցաշարի իրենց խմբերում 1-ին տեղը գրավելով: Իսկ նրանց հետագա ճանապարհները սկսեցին էաականորեն առանձնանալ եւ այժմ թիմերը տարբեր տրամադրություններով են մոտենալու մեկնարկային հանդիպմանը: 

Հարուստ պատմություն ունի Ֆրանսիա - Անգլիա դիմակայությունը:  Ընդհանուր առմամբ հանդիպել են 28 անգամ: Անգլիացիները տարել են 16 հաղթանակ, Ֆրանսիան` 8, եւս չորս հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Վերջին անգամ Անգլիան հաղթել է 1997-ին` ընկերական խաղում, վերջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Եվրո-2004-ին, երբ խմբում Ֆրանսիան դրամատիկ պայքարում` Զիդանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ: Ուշագրավ է, որ Եվրոյի շրջանակներում թիմերը հանդիպել են 4 անգամ, ֆրանսիացիները ոչ մի անգամ պարտություն չեն կրել:

Այսքանը վիճակագրության մասին:

Ֆրանսիա

Ֆրանսիացիները Լորան Բլանի գլխավորությամբ արդեն 21  հանդիպում անընդմեջ չեն պարտվում: Արդեն ցուցանիշ է: Դոմենեկյան ժամանակաշրջանից հետո Բլանը կարգ ու կանոն հաստատեց թիմում, վերացան վեճերը, սկանդալները: Ձեւավորվեց նոր հավաքական, որը խաղից խաղ ավելի հասուն եւ գրագետ ֆուտբոլ է ցուցադրում: Դժվար է ասել, թե ինչ պոտենցիալ ունի այս թիմը, բայց ակնկալիքները մեծ են: Բլանի հրապարակած կազմի վերաբերյալ էլ ոչ մի դժգոհություն չեղավ: Բոլոր արժանիները տեղ գրավեցին հավաքականում: Հասարակական վստահությունը թիմի հանդեպ մեծ է:

Խաղային բոլոր օղակներում էլ բարձրակարգ ֆուտբոլիստներ կան: Դարպասապահը Լյորիսն է, որի առումով հարցեր չկան: Պաշտպանությունում փորձառու դեմքեր են` Էվրա, Կլիշի, Կոսելնի, Ռամի, Դեբյուշի: Կիսապաշտպանությունում անգլիական «Նյուքասլի» կազմում իրենց փայլուն դրսեւորած Կաբայն ու Բեն Արֆան, արդեն ճանաչում գտած Մվիլան, հայտնի Նասրին եւ իհարկե` հավաքականի առաջատարը` Ռիբերին: Առջեւում Բենզեման է, որը համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկն է: Գոնե վերջին մեկ տարվա ցուցանիշներով:

Անգլիա

Այլ վիճակ է Անգլիայի հավաքականում: Սկանդալ սկանդալի հետեւից, կազմի հետ կապված բազմաթիվ հարցականներ, որոնք Անգլիայում մինչեւ հիմա բուռն բանավեճերի տեղիք են տալիս: Նոր մարզիչ, որը հավաքականների մակարդակով ընդհանրապես փորձ չունի: Իրավիճակը ավելի է բարդացել թիմի մի շարք առանցքային ֆուտբոլիստների վնասվածնքների պատճառով: Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան բավական անպատասխանատու մի շարք քայլեր կատարեց եւ անգլիացիների ձախողման դեպքում հիմնական մեղքը հենց նրանն է լինելու, այլ ոչ թե Հոջսոնինը:

Կազմի առումով միակ լուսավոր կետը, թերեւս դարպասապահի գիծն է: Այստեղ Ջո Հարտն է, որն արդեն ապացուցել է իր բարձր կարգը: Պաշտպանությունում գրեթե այլընտրանք չկա Թերիին, Լեսկոտին, եւ երկու եզրայիններին` Քոուլին եւ Ջոնսոնին: Հենակետային գոտում` Միլներն ու Պարկերը: Կիսապաշտպանությունում` Ջերարդը, Ուոլքոթը եւ Յանգը: Հարձակման գծում` Ռունիի բացակայությամբ ավելի հավանական է Դեֆոյի մասնակցությունը:

 

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 20:00-ին:

«Դոնբաս Արենա» ստադիոն, Դոնեցկ

Մրցավար` Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)

ՈւԵՖԱ-ի պատվիրակ` Արմեն Մինասյան (Հայաստան)

Հավանական կազմ

Ֆրանսիա. Լյորիս, Էվրա, Կլիշի, Կոսելնի, Ռամի, Կաբայ, Բեն Արֆան, Մվիլան, Նասրի, Ռիբերի, Բենզեմա

Անգլիա.  Հարտ, Թերի, Լեսկոտ, Քոուլ, Ջոնսոն, Միլներ, Պարկեր, Ջերարդ, Ուոլքոթ, Յանգ, Դեֆո:

 

Բուքմեքերների կանխատեսումը

Ֆրանսիայի հաղթանակ՝ 2,60, ոչ ոքի՝ 3,00, Անգլիայի հաղթանակ՝ 3,10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով