12:16  ,  11 հունիսի, 2012

Ռաֆայել Նազարյան. Շատ դժվար է խաղալ թիմերի հետ, որոնք ամբողջ կազմով պաշտպանվում են

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շատ լավ մեկնարկեց Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում, սակայն նախորդ երկու հանդիպումների ժամանակ արդյունքները չգոհացրեցին, այսօր` հունիսի 11-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը: Հունիսի 12-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում տեղի կունենա Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Անդորրա հանդիպումը:

«Մարզումներն անցնում են նորմալ` իրենց հունով: Այս պահի դրությամբ ֆուտբոլիստները ոչ մի խնդիր չունեն, վնասվածքներ չունեն: Անդորրայի հավաքականը կժամանի վաղն առավոտյան: Այս պահին դեռեւս որոշված չէ վաղվա խաղում մեր կազմը: Ընդհանուր 25 ֆուտբոլիստ են, բայց պետք է ընտրվի 18-ը»,- Ռ. Նազարյանը: 

Վաղվա մրցակցից գլխավոր մարզիչը սպասում է բարդ խաղ.

«Ինքս ֆուտբոլիստների հետ խոսել եմ եւ կարծում եմ, որ մեզ սպասվում է շատ բարդ հանդիպում: Երբեք չի կարելի թերագնահատել դիմացինին: Շատ դժվար է խաղալ այն թիմերի հետ, որոնք ամբողջ թիմով պաշտպանվում են»:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե արդյոք վաղվա խաղում կկիրառվի Հայաստանի ազգային հավաքականի տակտիկական նոր սխեման, Ռ. Նազարյանը վստահեցրեց, որ երիտասարդական հավաքականը խաղում է այն սխեմայով, ինչ ազգային հավաքականը:

«Այս հանդիպումը բացառություն չէ: Տակտիկական սխեմա չենք մշակում ամեն խաղից առաջ, քանի որ մշտապես խաղում ենք այն սխեմայով, որով ազգային հավաքականը:  Դրսում` Չեխիայում,  մեկ անգամ կիրառել ենք ազգային հավաքականի նոր սխեման: Վաղը նույնպես կխաղանք այդ սխեմայով: Եվ այն, որ մենք խաղում ենք ազգային հավաքականի տակտիկայով, դրա մասին ազգային հավաքականի գլխավոր մարզիչը մշտապես  տեղյակ է լինում»: 

Իսկ թե ինչը կնպաստի վաղվա խաղում հաղթանակին, ըստ Ռ. Նազարյանի` բարձր կենտրոնացվածությունը, տրամադրվածությունը եւ թիմի  արագությունը:

Երիտասարդական հավաքականի մասին Ռ. Նազարյանը նշեց.

«Բոլորդ էլ գիտեք, որ երիտասարդական հավաքականը լավ սկսեց իր մեկնարկը, բայց վերջին երկու խաղը արդյունքի տեսանկյունից գոհացուցիչ չէր: Ես իհարկե չեմ ուզում պատճառաբանություններ բերեմ, բայց կարծում եմ, որ Չեխիայի հավաքականն իր խաղով ապացուցում է մինչ այժմ, որ խմբի ֆավորիտն է եւ ամենահզոր հավաքականը»:

Ընտրական մրցաշարի 3-րդ խմբում Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 8 միավորով 4-րդ տեղում է, սակայն Անդորրային հաղթելու դեպքում կբարձրանա երկրորդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում