11:36  ,  11 հունիսի, 2012

Ռաֆայել Նազարյան. Անդորրայի հետ խաղում միակ նպատակը հաղթելն է

Հունիսի 12-ին Երեւանում կայանալիք 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Անդորրայի հավաքականի հետ ընտրական խաղում Հայաստանի հավաքականն ունի միայն մեկ նպատակ` հաղթել: Այսօր, հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

«Վաղվա խաղի կազմը պատրաստ է:  Վաղվա խաղում մեր նպատակը մեկն է` հաղթել: Անդորրայում կայացած խաղը մեր ամենադժգույն խաղերից մեկն էր: Շատ դժվարությամբ տրվեց մեզ հաղթանակը: Վաղը մեզ սպասվում է շատ բարդ հանդիպում:

Կկիրառվի ազգային հավաքականի արդեն նոր սխեման: Երիտասարդական հավաքականը խաղում է նույն սխեմայով, որն ընտրել է ազգային հավաքականը:  

Մեր հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը խաղում է Հայաստանի առաջնությունում: Լեգիոներներից մի քանիսն իրենց առաջնությունները շուտ են վերջացրել: Դա նշանակում է, որ  նրանք գուցե այդքան էլ լավ մարզավիճակում չլինեն: Բայց ընդհանուր առմամբ թիմի մարզավիճակն այժմ կայուն եմ գնահատում: Տեղացի ֆուտբոլիստներն ավելի թարմ վիճակում են»,- նշեց Ռաֆայել Նազարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում